Իմքայլական պատգամավորը հերքում է մանդատը վայր դնելու մասին լուրերը
«Ես այսօր լուրերից տեղեկացա, որ խոսվում է իմ մանդատը վայր դնելու մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով իր՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին:
Պատգամավորը նշեց, որ զարմացած է այդ լուրերից, և չի հասկանում՝ որտեղից են նման տեղեկություններ տարածվում:
«Իհարկե ոչ, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ես մանդատս վայր չեմ դնելու: Հասականում եմ, որ ինչ-որ ուժեր և մարդիկ փորձում են պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվելու»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող լուրերի, ինքը կապ ունի նախկին իշխանությունների հետ, Ա. Կարապետյանն արձագանքեց՝ ես նրանց հետ կապ չունեմ, չեմ էլ ունենալու:
«Ձեզ սխալ տեղեկություններ են հասել, իմ մանդատը վայր դնելու մասին քննարկումներ չկան»,- եզրափակեց խոսքը Ա. Կարապետյանը: