Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված. Ա. Բաբաջանյան
«Հայաստանում օլիգարխիան ջախջախված չէ»,- խորհրդարանում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով, օլիգարխիան շարունակում է պահպանել ազդեցությունն իշխանության տարբեր ճյուղերի՝ այդ թվում դատական իշխանության և մամուլի վրա:
«Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված, և այդտեղ օգտագործվում են բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները: Նպատակին հասնելու համար միոցների մեջ, ըստ էության, խտրություն չի դրվում: Այս պատերազմն ուղեկցվում է ներքին և արտաքին մի քանի աղբյուրներից սնվող հարձակումներով: Ճիշտ նման գործելաոճ՝ ժողովրդին հայտարարված պատերազմ տեսել ենք մեր կարևորագույն պատմության տարբեր փուլերում»,- ներկայացրեց Ա. Բաբաջանյանը:
Ըստ նրա, Հայաստանի ժողովրդավարությանը, պետականությանն ու երկրին հայտարարված պատոերազմում պետք է պայքարել բոլոր ճակատներում և օրինական բոլոր միջոցներով:
«Իմ խորին համոզմամբ, այդ պայքարը պետք է սկսել առաջնագծում դարանակալած թշնամու ոչնչացումից: Մեր երկրի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին ՍԴ ճգնաժամի հաղթահարման մեջ է: Ո՞վ պետք է պաշտպանի մեր երկրի ժողովրդավարությունը, եթե ոչ ԱԺ-ը: Հորդորում եմ մեծամասնություն կազմող խմբակցությանը՝ այս խնդրի լուծմանն ուղղված քայլեր անել»,- շեշտեց Ա. Բաբաջանյանը: