Համայնքապետարանները կներկայացնեն, թե ինչ նվիրատվություն են ստացել
«Երևան քաղաքի համայնքապետը պարտավոր է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության մասին տեղեկատվություն տրամադրել հասարակությանը՝ այն հրապարակելով Yerevan.am կայքում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը` ներկայացնելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ պատգամավորի, նախագծի քննարկման ժամանակ վեր է հանվել նվիրատուի անձնական տվյալների պաշտպանության հարցը: Նա տեղեկացրեց, որ ըստ օրենքի նախագծի, նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ կա նվիրատուի կողմից գրավոր համաձայնություն:
«Մյուս համայնքների դեպքում համայնքապետերը պարտավոր են այդ տեղեկատվությունը հրապարակային դարձնել, երբ համայնքապետարանին նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով նվիրատվություն է կատարվել: Մենք այս որոշումն ընդունելիս միջազգային փորձն ենք ուսումնասիրել, և փաստարկներով ներկայացրել ենք, որ նման տարբերակված մոտեցումն ընդունելի է եվրոպական երկրների կողմից»,- տեղեկացրեց Ս. Ղազարյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն էլ ասաց, որ հարցը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում բավականին երկար քննարկվել է և դրական եզրակացության ստացել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ կառավարությունը ևս նախագծին դրական եզրակացություն է տվել, քանի որ նախագիծը դրական փոփոխություններ կմտցնի տեղական ինքնակառավարման համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ