216 ընտանիքի համար աղետի գոտում կկառուցվի բնակելի տներ
«Դե յուրե պետության կողմից ստանձնած պարտավորություններն աղետի գոտում բնակարանային հարցերը լուծելու՝ այս ծրագրով ավարտվում են»,- հայտարարեց Տիգրան Ավինյան կառավարության նիստում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների քննարկման ժամանակ:
Փոխվարչապետը նաև նկատեց՝ դա դեռ չի նշանակում, որ առհասարակ հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու, քանի որ դեռ կան բազմաթիվ ընտանքիներ, որոնք դե յուրե չունեն նման կարգավիճակ:
«Հետագայում մենք կփորձենք հասկանալ, թե այլ ինչ շրջանակ է մնում և այդ խնդիրներն ինչպես ենք լուծելու»,- նշեց փոխվարչապետը:
Կառավարությունը հաստատեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2019 թ. տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ ընտանիքներից 227-ը նախընտրել են բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման տարբերակը: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված մոտ 1,29 մլրդ դրամի հաշվին ներկայումս լուծման ընթացքում է գտնվում նրանց բնակարանային խնդրի լուծումը:
Որոշմամբ նախատեսվում է լուծել մնացած 229 ընտանիքի բնակարանային խնդիրը: Ընդունված փաստաթղթով 229 ընտանիքից 13-ին, իրենց ցանկությամբ, տրամադրվում է ֆինանսական աջակցություն (ԲԳՎ և ուղղակի), իսկ 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ: Այսպիսով՝ կավարտվի ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը: