Իրանի խորհրդարանը Իսրայելին հակազդելու մասին օրենք ընդունեց
Իրանի Մեջլիսը երկուշաբթի քվեարկել է Իսրայելին հակազդելու օրինագծի օգտին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRNA-ն:
Օրենքը, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսում է հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Երուսաղեմում վիրտուալ դեսպանատան բացում, որն իրանական կողմը ճանաչում է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Այս միջոցը պետք է իրականացվի օրենքի վավերացմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում:
Օրենքը նաև արգելում է իսրայելական ապրանքների տարանցումն Իրանի տարածքով: Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները պարտավոր են օգնություն ցուցաբերել մյուս ազգերին և պետություններին՝ Երուսաղեմի «ազատագրման» համար:
Հունվարի 28-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հայտարարեցին, այսպես կոչված, դարի գործարքի՝ Պաղեստին-Իսրայել խաղաղ կարգավորման հիմնական դրույթների մասին, որը հիմնված է երկու պետությունների փոխադարձ ճանաչման վրա: Վաշինգտոնն առաջարկում է արագընթաց տրանսպորտային ուղով կապել պաղեստինյան երկու տարածքը՝ Գազայի հատվածը և Հորդանան գետի արևմտյան ափը, և միայն Արևելյան Երուսաղեմի մի մասը ճանաչել որպես արաբական պետության մայրաքաղաք (ըստ Նեթանյահուի, խոսքը գնում է Երուսաղեմի Աբու Դիսի արվարձանի մասին):
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը ամբողջ Երուսաղեմն անվանեց Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» և հայտարարեց հրեական բնակավայրերը որպես Իսրայելական տարածք ճանաչելու ԱՄՆ-ի մտադրության մասին:
Հունվարի 30-ին Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին առաջարկեց պաղեստինյան խնդրի լուծման իր ծրագիրը: Այն ենթադրում է բոլոր պաղեստինցիներին իրենց բնօրրանները վերադառնալու իրավունքի ընձեռում:
Դրանից հետո առաջարկվում է Պաղեստինի բնակչության շրջանում անցկացնել հանրաքվե, որպեսզի ձևավորվի քաղաքական համակարգ, որին կողմ կարտահայտվեն բնակիչների մեծամասնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան