Վարակվածները մեծամասամբ պայմանագրային զինծառայողներ ու սպաներ են. Բալայան
«Բանակում վարակվածներ ունենք, նրանք գտնվում են հսկողության ներքո»,- խորհրդարանում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպիսին է կորոնավիրուսային իրավիճակը բանակում։
Նրա խոսքով, վարակի դեպքեր հաստատվել են հիմնականում մեկուսացված զինծառայողների շրջանում, և վարակվածները զորամաս ելումուտ ունեցող զինծառայողներ են.
«Այսինքն՝ խոսքը կուրսանտների ու պարտադիր ժամկետային զինծառայողների մասին չէ։ Վարակվածները մեծամասամբ պայմանագրային զինծառայողներ ու սպաներ են։ Իրավիճակը վերահսկելի է»։
Պաշտպանության փոխնախարարն արձանագրեց՝ ՊՆ-ում որևէ միջոցի պակաս այս պահին չկա՝ ո՛չ դեղամիջոցի, ո՛չ հիվանդասենյակների։
«Մենք մեր բոլոր միջոցներով վերահսկողություն ենք իրականացնում ՊՆ-ին ենթակա տարածքներում, այսինքն՝ ստուգում ենք դիմակների ու ձեռնոցների առկայությունը, հետևում ախտահանման աշխատանքներին և սոցիալական հեռավորության պահպանմանը։ Այսօրվա դրությամբ ամեն ինչ նորմալ է, այդ առումով բողոք չունենք»,- եզրափակեց խոսքը Գ. Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ