Արա Զոհրաբյան. Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.
«Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:
Հետևաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:
Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ և հմտություններ:
Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:
Մինչև այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:
Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է, որպես անկախ և արհեստավարժ դատավոր: Հետևաբար, նրա կայացրած որոշումը իր ներքին համոզմունքի դրսևորումն է: Եթե սխալվել է, ապա կա վճռաբեկ դատարան:
Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով»։
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 2 մլրդ դրամով փոխած դատավոր Արսեն Նիկողոսյանի ու իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի դեմ սկսած արշավին արձագանքել է նաև փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նա գրել է.
«Արսեն Նիկողոսյանն ու Ռուբեն Մելիքյանը իրավական և ժողովրդավարական երկրի համար պայքարողների, իրենց երեխաների համար արժանապատիվ ապագա կերտելու համար մաքառողների «սրտի» դատավորն ու իրավապաշտպանն են։
Ցավոք նրանք քիչ են, բայց կան։ Իսկ իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած ու ուղեղով մտածելու ունակությունից զրկված, վաղը տեսնելու անկարողների վնգստոցները ինչքան բարձր լինեն, այնքան սկզբունք ունեցողները հետ կանգնող չեն (չնայած արդեն ապացուցել են, որ հետ կանգնողներից չեն)։ Ավելին, այս զզվելի մթնոլորտը կարող է տատանվողներին էլ սթափեցնել։
Այնպես որ վնգստացեք ընկերներ, վնգստացեք...
Ռուբեն Մելիքյան և Արսեն Նիկողոսյան, հարգանքներս»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Անթույլատրելի է, երբ անօրինական նպատակի համար օգտագործվում են երեխաները
- Ռուբեն Մելիքյան. էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը