Փաստահավաք հանձնաժողովին տրվելու է պետական գաղտնիքին հասանելիություն ունենալու հնարավորություն
«Եթե ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը տեսնի, որ որևէ դեպք, իրադարձություն բերում է մարդու իրավունքների խախտման, ապա կարող է անդրադառնալ դրան»,- այսօր «Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։
Նրա խոսքով, փաստահավաք հանձնաժողովի լիազորությունների,իրականացման համար վերջինիս անդամներին տրվելու է պետական և ծառայողական գաղտնիքին հասանելիություն ունենալու հնարավորություն։ Լիազորությունների մի մասն էլ վերաբերում է հանրային մասնակցության ապահովմանը։
Հարցին, թե ինչ սկզբունքով է կազմավորվելու հանձնաժողովը, Տիգրան Դադունցը պատասխանեց՝ օրենսդիր մարմինն է ընտրելու հանձնաժողովի բոլոր անդամներին։
«Իսկ անդամներին առաջադրելու են իշխանության բոլոր ճյուղերը, այդ պատճառով նախատեսել ենք, որ հանձնաժողովի ինը անդամներից վեցին առաջադրելու է խորհրդարանը, իսկ երեքին՝ կառավարությունը։ Խորհրդարանի առաջադրած վեց անդամներից երեքը լինելու են ՀԿ-ների ներկայացուցիչներ, իսկ մյուս երեքին առաջադրելու են խորհրդարանական երեք խմբակցությունները»,- ներկայացրեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նշեց, որ փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է։ Նրա խոսքով, անցումային արդարադատություն իրականացնելն իրենց պարտքն է։
«Հենց ներքաղաքական ուժը պետք է այս օրակարգն առաջ տանի, և ես շատ ուրախ եմ, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ այս հարցն ընդգրկվել է։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի կազմին, ապա հենց այդ կազմից է կախված այն հեռանկարը, թե որքանով Հայաստանում կհաջողի անցումային արդարադատությունը։ Նախագծում ներկայացված կազմը ինձ մոտ կասկածի տեղիք է տալիս, թե որքանով այդ ձևով կազմված հանձնաժողովը կկարողանա մեկ ուղղությամբ աշխատել»,- նշեց նա։
Պատգամավորը վստահեցրեց, որ խորհրդարանի կողմից ձևավորվող մարմինը կարող է լինել վերքաղաքական, բայց իրեն մտահոգում է փաստը, որ հանձնաժողովի կազմը ընտրվելու է խմբակցությունների առաջարկով։
«Երբ խմբակցություններն այդքան էլ կարևորություն չեն տալիս անցումային արդարադատությանը, ես չգիտեմ՝ որքանով նրանց կողմից առաջադրված թեկնածուները կարող են արդյունավետ աշխատել անցումային արդարադատություն իրականացնելու ուղղությամբ։ Իմ կարծիքով, սա խնդիր է, բայց դեռ քննարկելիք հարց է, և գուցե հնարավոր է որոշ փոփոխություններ մտցնել»,- ասաց պատգամավորը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ հանձնաժողովի կազմը կարևոր հարց է, բայց միակը չէ։
«Կարծում եմ նաև անվան հետ կապված խնդիր կա։ Պետք է լինի ճշտահավաք հանձնաժողով, քանի որ այստեղ փաստերը լինելու են միջոց՝ ճշմարտությանը հասնելու համար։ Ինչ վերաբերում է կազմին, ապա այդ խնդիրը լուծելու համար պետք է ելնել նրանից, որ հանձնաժողովը պետք է վայելի հանրային վստահություն, ինչը հիմնաքարային նշանակություն ունի»,- ասաց Ա. Սաքունցը։
Նրա խոսքով, հանձնաժողովի կազմը պետք է ձևավորվի այն անդամներից, որոնց թեկնածությունը կառաջադրեն ինչ-որ երևույթների զոհ դարձած մարդիկ. «Նրանք պետք է ունենան իրավասություն ներկայացնելու այն մարդկանց, որոնց վստահում են։ Քանի որ հենց իրենց իրավունքների խախտման մասին պետք է փաստեր հավաքվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը