Երևանում ՃՏՊ-ից կան տուժածներ և զոհ
Հունիսի 19-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959 թ․), «Mercedes Viano» (վարորդ՝ Վարդան Ս․) և«Toyota Camry» (վարորդ՝ Զորիկ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Մանվել Խ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հովացման աշխատանքներ։