Դպրոցներում պետք է երեխաների մոտ ձևավորվի հայրենասիրության զգացողություն․ օրինագիծ ՌԴ Պետդումայում
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ` դպրոցներում երեխաների մեջ հայրենասիրության զգացողություն ձևավորելու պարտավորության մասին: Մայիսի վերջին խորհրդարանի քննարկման համար նախատեսված փաստաթուղթը ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է Euronews-ը։
«Դաշնային օրենքի ընդունումը կնպաստի ուսանողների համակողմանի հոգևոր, բարոյական և մտավոր զարգացմանը՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրության և քաղաքացիության զգացողություն, հարգանք հայրենիքի պաշտպանների հուշարձանների, ավելի մեծ սերնդի նկատմամբ», - ասվում է նախագծի բացատրական գրառման մեջ:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ «կրթությունը պետք է ներառի ոչ միայն գիտելիքներն ու հմտությունները, այլև հոգևոր, բարոյական արժեքները, որոնք ձևավորում են քաղաքացու անձը, միավորում հասարակությունը»:
Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Դպրոցները և համալսարանները կունենան մեկ տարի`մինչև 2021 թ. Սեպտեմբերի 1-ը` իրենց ծրագրերը ճշգրտելու համար: