Աֆղանստանի իշխանություններն 3,9 հազար թալիբ են ազատ արձակել
Աֆղանստանի իշխանությունները ազատ են արձակել ծայրահեղական «Թալիբան» շարժման գերեվարված գրեթե 3,9 հազար գրոհայինների: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Tolo News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Սեդիկ Սեդիքկին:
Վերջինիս խոսքով, այդ պահի դրությամբ իշխանություններն ազատ են արձակել 3895 թալիբ: Որոշ ժամանակ անց Քաթարում գտնվող «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Սուհեիլ Շահինը Twitter-ում գրել է, որ «Թալիբան»-ը Բադահշան նահանգում ազատ է արձակել աֆղանական անվտանգության ուժերի ևս 34 ներկայացուցչի:
Ավելի վաղ Աֆղանստանի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջավիդ Ֆեյզալը հայտարարել էր, որ կառավարությունն արդեն ազատ է արձակել գրեթե երեք հազար թալիբ բանտարկյալ:
Իր հերթին, թալիբները պահանջում են, որ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Աֆղանստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն հինգ հազար բանտարկյալի:
Փետրվարի վերջին Քաթարում տեղի ունեցած արարողության ժամանակ, 18 տարվա պատերազմից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը և «Թալիբանը» ստորագրեցին խաղաղության պայմանագիր, որը նախատեսում է 14 ամսում օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից և բանտարկյալների փոխանակման համաձայնության ուղղությամբ ներաֆղանական երկխոսության մեկնարկ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին