Ատոմ Ջանջուղազյանը լրագրողի հարցը տարօրինակ գնահատեց
«Գնահատականը մոտավորապես հետևյալն է․ 4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը, այսօր դա մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 մլրդից մի փոքր ավելին»,- Հայկական միասնական տեղեկատվական հարթակում հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով վերջերս ընդունված գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությանը:
Վերջինս տարօրինակ համարեց «Իրավունք» թերթի լրագրողի հարցն այն մասին, թե արդյո՞ք պետական բյուջեն միջոցներ չուներ, որ այն լցնելու համար կառավարությունը գույքահարկն է բարձրացնում: Ֆինանսների նախարարը պնդեց, որ գույքահարկից գանձվող միջոցները պետական բյուջեի վրա ո´չ այսօր, ո´չ վաղը, ո´չ էլ 2026 թվականին որևէ ազդեցություն չեն ունենա, որովհետև դրանք ուղղվելու են համայնքային բյուջեներ:
«Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը, իմ կարծիքով, որակյալ տնտեսական լրագրության դիֆիցիտն է»,- իր հերթին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին:
Առցանց ուղարկված այդ հացման մեջ ասվում էր. «Գույքահարկի բարձրացման օրենքն անցկացրեցիք առանց հանրային քննարկումների, հայտարարեցիք, որ դղյակների տերերին եք հարկում, բայց իրականում հանրագումարում միջին և աղքատ խավը մի քանի տասնյակ անգամ ավելի շատ գումար է վճարելու, որտե՞ղ է արդարությունը»:
Բաբկեն Թունյանը նկատեց, որ մամուլում այնպիսի քննարկումներ են ընթանում, որից եկել է այն եզրահանգման, որ լրագրողները չեն կարդացել օրենքը և առաջնորդվում են բամբասանքներով: Շեշտելով, որ գույքահարկի բեռը բարձրացել է նախորդ տարի ընդունված օրենքով, իսկ վերջին ընդունված նախագիծն ընդամենը մեղմացում է ենթադրում՝ պատգամավորը կոչ արեց իրեն բերեն 3 օրինակ, որ տասնյակ անգամ բարձարցել է գույքահարկը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հարկվելու են նաև վագոն-տնակները:
«Կադաստրի կոմիտեում հաշվառված և գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է: Այսինքն՝ նույնիսկ այն գույքը, որն ինքնակամ կառուցված շինություն է, սակայն դրանք հաշվառված են և ներկայացված են կադաստրի կոմիտե, ընդգրկված են ամբողջությամբ հարկման բազայում: Իսկ ինչ վերաբերում է վագոն- տնակներին, դրանք ամրակցված չեն հողին և դրանք հարկման հիմք հանդիսանալ չեն կարող որպես այդպիսին»,- հայտնեց ասուլիսին մասնակցող կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թունյանը կարծում է, որ նոր գույքահարկը կխթանի բիզնեսը
- ՀԱԿ-ը կառավարությանն առաջարկում է չեղարկել գույքահարկի վերաբերյալ փոփոխությունները
- Սարհատ Պետրոսյան. Չգիտեմ, թե ինչքանով իմաստ ուներ համավարակի պայմաններում առաջ տանել գույքահարկի փոփոխություն
- Ըստ Տիգրան Ուլիխանյանի, գույքահարկի բարձրացումը կնպաստի ճանապարհաշինության բարելավմանը
- Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ
- Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ