Գրանցել ենք մահվան դեպքեր՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների պատճառով. Գալյան
«Այս առոմով մտահոգիչն այն է, որ մենք գրանցել ենք մահվան դեպքեր, որոնց պատճառը հենց եղել են պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց արդարադատության նախարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ դատապարտյալին կամ կալանավորվածին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից կամ կալանավորումից ազատելու ժամկետների ամրագրման անհրաժեշտությունը բավարարող նախագծի ներկայացումը պայմանավորված է այդ մահվան դեպքերով:
Սրբուհի Գալյանի խոսքով, գործող կարգավորումներով սահմանված չեն այն ժամկետները, որոնց շրջանակներում դատարանը պետք է որոշում կայացնի ծանր հիվանդության հիմքով անձին պատժի կրումից ազատ արձակելու վերաբերյալ:
Կարգավորված չեն նաև միջդատական վարույթում կալանավորված անձանց կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդության պայմաններում ազատ արձակելու ընթացակարգերը, ինչպես նաև նման իրավիճակում դատախազի լիազորությունները:
«Նախագծով սահմանվում է հստակ ժամկետ, ըստ որի, դատարանը կքննի համապատասխան միջնորդությունն այն ներկայացնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան միջնորդությունը ներկայացնելու հաջորդ օրը»,- հայտնեց արդարադատության նախարարի տեղակալը:
Ըստ Սրբուհի Գալյանի, երկրորդ ընթերցմամբ ԱԺ առաջիկա արտահերթ նիստում քննարկվելիք վերոհիշյալ նախագծով լուծվել է նաև միջդատական վարույթի ընթացքում հիվանդին կալանքից ազատելու հարցը:
Նրա խոսքով՝ միջդատական վարույթում ևս դատարանին տրվել է լիազորություն հիվանդ դատապարտյալին ազատ արձակել և այդ դեպքում էլ առաջարկվող նախագծով դատարանը միջնորդագիրը պարտավոր է քննել անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ներկայացնելու հաջորդ օրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ