«Պատկերը սարսափելի էր». Ինչպես ռուսները հաղթեցին թուրքերին Հայաստանում
1915-ի հուլիսի 9-ին Արևմտյան Հայաստանում սկսվեց ռուսական զորքերի Ալաշկերտի օպերացիան: Ասվում է «Գազետա ռու»-ի հրապարակած ծավալուն պատմական ակնարկում:
Սկզբնական շրջանում գեներալ Պյոտր Օգանովսկու ստորաբաժանումները թուրքերի ճնշումների ներքո ստիպված էին նահանջել: Օժանդակող ուժերի հասնելուց հետո ռուսները սկսեցին հակագրոհը, հաղթանակ տարան և բարենպաստ պայմաններ ստեղծեցին Էրզրումում ավելի մեծ գործողություն սկսելու համար: Իրադարձությունների մասնակիցների վկայությամբ, գրավյալ տարածքներում թուրքերն իրականացրել են հայ բնակչության կոտորածներ:
Ռուսաստանի կայսրությունը 1914-ի նոյեմբերի 2-ին պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Երկու կայսրությունների միջև բռնկված հերթական ռազմական հակամարտությանը նախորդել էր թուրքական զորքերի ագրեսիաները Սև ծովի ջրերում և Ռուսաստանի ափերի մոտ:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական փուլում Կովկասի ռազմաճակատի ամենակարևոր իրադարձությունը Սարիղամիշի գործողությունն էր, որի հաջող ավարտի շնորհիվ ռուսական զորքերին հաջողվեց խաթարել ռուսական Անդրկովկասը գրավելու հակառակորդի պլանները և ռազմական գործողությունները տեղափոխել թուրքական տարածք:
Համարվում է, որ ռուսները հաջողության են հասել՝ չնայած միանգամից մի քանի բարձրաստիճան ռազմական ղեկավարների անհաջող գործողություններին:
Հայտնի են վայրագությունների բազմաթիվ դեպքեր, որոնք հարձակման ժամանակ իրականացնում էին թուրքերը հայերի, հույների և ռուսների հանդեպ: Պատերազմի սկզբից թուրքերը համակարգված ոչնչացնում էին հայկական գյուղերը և կոտորում հայ խաղաղ բնակիչներին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության սահմանամերձ շրջաններում:
Ականատեսների խոսքով, Սարիղամիշի ճակատամարտից հետո սկսվել են թուրքական զորքերի շինարարական գումարտակներում ծառայող զինաթափված հայերի զանգվածային կոտորածները:
Բրիտանացի պատմաբան Յուջին Ռոգանի ձևակերպմամբ, Էնվեր փաշայի պարտությունը Ռուսաստանին սահմանակից տարածքներում հանգեցրեց թուրքերի, քրդերի և հայերի միջև լարվածության սրմանը:
Կովկասի ռազմաճակատի պատերազմի հետագա իրադարձությունները զարգացան հիմնականում Արևմտյան Հայաստանի տարածքում, որը Օսմանյան կայսրությանը մասն էր: