Բացահայտվել է ինքնասպան եղած Սեուլի քաղաքապետի թողած գրության բովանդակությունը
«Yonghap» լրատվական գործակալությունը բացահայտել է Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի ինքնասպանությունից առաջ արած գրառումը: Վերջինիս դին հայտնաբերվել էր նրա անհետացումից որոշ ժամանակ անց:
«Ես ներողություն եմ խնդրում բոլորից: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իմ կյանքում եղել են ինձ հետ: Ես ինձ մեղավոր եմ զգում իմ ընտանիքի առաջ, որին միայն ցավ եմ պատճառել»,- գրառման բովանդակությունը փոխանցում է «Լենտա ռու»-ն:
Պակ Վոն Սունը խնդրել է դիակիզել իրեն, մոխիրը լցնել ծնողների գերեզմանի վրա, ինչպես նաև հրաժեշտ է տվել բոլորին:
Հարավային Կորեայի ոստիկանությունը սկսել էր քաղաքապետի որոնումն այն բանից հետո, երբ նրա դուստրը հայտնել էր նրա անհետացման մասին: Նա հաղորդել էր, որ հայրը հեռացել է տնից՝ թողնելով կտակի նման մի գրություն:
Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերել են քաղաքի հյուսիսում գտնվող Բուգակ լեռան մոտակայքում: Մահվան նախնական պատճառը ինքնասպանությունն է:
Պակ Վոն Սունի անհետացումից մեկ օր առաջ քարտուղարուհին դատի էր տվել նրան: Նա քաղաքապետին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ: