ԱԺ նախագահը խորհրդարանական քննարկումը ժամանակի վատնում անվանեց
«Իմ վերաբերմունքը շատ բացասական է, ես չեմ համարում սա լավ լուծում, այնուհանդերձ ես համարում եմ սա լուծում, որովհետև մինչ այս չունեինք լուծում»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ ունենալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն կատարելու և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ:
Օրենքի հեղինակ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն` հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից:
Ըստ բանախոսի, օրենքի գործնական կիրառման ընթացքում պարզ է դարձել, որ եթե այլ մարմինների պարագայում սահմանված ժամկետում թեկնածու առաջադրելը որևէ խնդիր չի ստեղծում, ապա Ազգային ժողովի կողմից Խորհրդի անդամի նշանակումը խմբակցությունների կոնսենսուսով նախատեսելը չի ապահովում վերոգրյալ դրույթների գործնական կիրառելիությունը, և թեկնածուի առաջադրման գործընթացում առաջացնում է գործնական խնդիրներ: Նրա խոսքով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ խմբակցությունների կոնսենսուսը, ինչը փաստացի ԱԺ-ի զրկում է թեկնածուի առաջադրման հնարավորությունից և, միաժամանակ, մրցութային հանձնաժողովի ձևավորման գործընթացը կանգնեցնում է փակուղու առաջ:
Խնդիրը լուծելու համար, նախագծով առաջարկվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե` Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին:
«Ասել, որ ես խորապես անտարբեր եմ այս առաջարկությամբ ինձ վերապահված, վերապահվող, վերապահվելիք գործառույթին, նշանակում է ոչինչ չասել»,- հայտարարեց Արարատ Միրզոյնաը և հավելեց, որ ինքը ընդհանրապես դեմ է մրցութային հանձնաժողովի գաղափարին:
Միրզոյանը հայտնեց, որ մինչ 7-րդ գումարման ԱԺ-ն եղել է մրցութային հանձնաժողով և ինքը հեղինակել է օրենքի փաթեթ, որով վերացրել է մրցութային հանձնաժողովը, որովհետև համարել է և հիմա էլ համարում է, որ այն անիմաստ օղակ է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման պրոցեսում:
«Աբսուրդ է, ԱԺ-ն, կապ չունի ԱԺ նախագահը, թե ֆրակցիաները կոնսենսուսով, առաջարկում են մարդ մի խմբում, որտեղ հավաքվելու են առաջարկելու թեկնածու, որը հետ է գալու ԱԺ քվերակելու»,- հայտարարեց ԱԺ նախագահը և այդ քննարկումը համարեց ժամանակի վատնում:
«Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց փոփոխություն անել օրենքում, վերացնել մրցութային հանձնաժովը և թույլ տալ խմբակցություններին ներկայացնել իր թեկնածուին, վերջիններիս հրաժարականի պարագայում ներկայացնել նոր թեկնածու:
Կառավարության ներկայացուցիչ Արդարադատգության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն առաջարկեց ընդունել ներկայացված նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ