Հույն պատգամավոր․ Խորապես անհանգստացած ենք սահմանում լարվածության բռնկմամբ՝ ողջ տարածաշրջանի համար կրիտիկական պահին
Հունաստանի Նոր Ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր, Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարկոպուլոս Դիմիտրիոս հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած լարվածության հետ կապված։
«Խաղաղությունն ու առաջընթացը կարող են հանդիսանալ միայն նպատակ և ձգտում ոչ միայն Հունաստանի, այլ նաև եղբայրական երկրի Հայաստանի համար:
Մեզ խորապես անհանգստացնում է սահմանում լարվածության բռնկումը՝ ողջ տարածաշրջանի համար կրիտիկական պահին:
Այս համտեքստում մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և իրավիճակի ցանկացած սրացումից խուսափելու համար զինադադարի կոչ ենք անում:
Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ։