«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միջազգային փորձաքննության չի ուղարկվել ժամանակի սղության պատճառով. Թևոսյան
ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը հայտարարեց, որ փաթեթը միջազգային փորձաքննության չի ուղարկվել, որովհետև ժամանակի սղություն կար:
«Փոխարենը համեմատություն է արվել միջազգային իրավական նորմերի հետ, որպեսզի այնպիսի խախտում չլինի, որը հետագայում հետևանքներ առաջացնի, ինչը մեզ մոտ ստացվել է։ Խոսքի ազատության հետ կապված խնդիր նույնպես չկա։ Նույնիսկ խոսքի ազատության մասով մասնագիտացած ՀԿ-ներն այդ մասին չեն բարձրաձայնում», - նշեց նա։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, Վ. Թևոսյանն ասաց․ «Շատ խեղճ և կցկտուր էին ձեր հիմնավորումները, թե ինչու էիք ուզում դեմ քվեարկել։ Ենթադրում եմ՝ որոշումը սպոնտան է եղել և նախագծին չեք էլ հասցրել ծանոթանալ»։