Ըստ վարչապետի, ֆոնդային շուկան է տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունը
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, նշեց, որ այն դեռևս սահմանափակ է թողարկումների փոքր ծավալի, գործիքների նեղ շրջանակի և երկրորդային շուկայի ցածր իրացվելիության պատճառով:
Նախարաի խոսքով, ծրագրի ընդունումը կնպաստի ոլորտի միասնական քաղաքականությանը, կնախանշի բարեփոխումների հիմնական ուղղությունները:
Ըստ Խաչատրյանի. 2020 թվականի սկզբին՝ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը:
Էկոնոմիկայի նախարարը պնդեց, որ պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն և տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Նախարարը տեղեկացրեց, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը և այդ աշխատանքներին աջակցել է Արժույթի միջազգային հիմնադրամը:
Ծրագրով նախատեսվում է շուկայի ախտորոշում և վերլուծություն, որի հիման վրա էլ մշակվել է գործողությունների ծրագիրը:
Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ ծրագիրը շուկային կընձեռի զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն բնակչության կողմից ձևավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում և թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին և լրացուցիչ եկամուտներ ստանալ:
«Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլև շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին և այդ շուկայում անել ներդրումներ», նախարարի զեկույցին հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով, եթե կառավարությանը հաջողվի երկրում ռեալ ֆոնդային շուկա ձևավորել, կարող են համարել, որ դա իրենց հայտարարած տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունն է:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ, նկատելով, որ ցանկանում են, որ փոխվի ներդրման ընկալումը, հավելեց. «Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ և հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»: