Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը
Լոռու մարզի դատախազությունում կատարված ամփոփման համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 33 քրեական գործ։
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 5-ն արձանագրվել է կրթության, 14-ը՝ տեղական ինքնակառավարման, 4-ը՝ ճանապարհների կառուցման, 1-ը՝ բանկային, 1-ն՝ առողջապահության, 2-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 2-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 4-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված քրեական գործերով 42 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 4 ղեկավար և 1 աշխատակից, դպրոցների և քոլեջի 6 տնօրեն, 3 փոխտնօրեն և 4 աշխատակիցներ, «Լոռի» ջրօգտագործողների ընկերության տեղամասի 1 տնօրեն և 1 աշխատակից, ՍՊԸ 1 տնօրեն և 2 աշխատակիցներ, հիմնադրամի 1 տնօրեն, ՀՈԱԿ-ի 1 տնօրեն, բժշկասոցիալական հանձնաժողովի 1 նախագահ և 3 անդամներ, ՎՊՄՀ 1 ամբիոնի վարիչ, 12 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 4 անձի վերաբերյալ 3 քրեական գործ:
Ըստ աղբյուրի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական պարզվել է պետությանը պատճառված 260.905.234 ՀՀ դրամի չափով նյութական վնաս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (183.499.500 ՀՀ դրամ) ավելի է շուրջ 42%-ով: Նշված վնասից 23.588.605 ՀՀ դրամը Լոռու մարզի դատախազության անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 4 միջնորդագրեր:
Պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատարանում ավարտված 1 քաղաքացիական գործով բավարարվել է Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացված 148.595.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց:
Դատախազության փոխանցմամբ, Լոռու մարզի դատախազությունը և քրեական հետապնդման մյուս մարմինները լուրջ արդյունքներ են արձանագրել քրեական գործերը՝ դատարան ուղարկելու ելքով ավարտելու ոլորտում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 75 քրեական գործ՝ 110 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 156 քրեական գործ (շուրջ 108%-ով ավելի) 168 անձի վերաբերյալ (շուրջ 52%-ով ավելի):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին