Նախարարները պետական աշխատանքները մեկը մյուսի վրա են գցում
Կառավարության նիստում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ օրինագիծը կարևոր է նաև մարդու իրավունքների առումով և դեռևս հունիսիսց շրջանառվելու պարագայում իր գրասենյակին ուղարկվել է միայն օգոստոսի 25-ին՝ մեկ օր ժամկետով: Նա նկատեց, որ այդ ծավալի փաստաթուղթը մեկ օրում հիմնովին ուսումնասիրել հնարավոր չէ, բայց իրենք 20-ից ավել առաջարկներ են ներկայացրել արտակարգ իրավիճակի ժամանակ փաթեթով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ:
«Երբ ուսումնասիրում ենք այս սահմանափակումները, պետական մարմինների լիազորությունները և հնարավորությունները, այստեղ կա որոշակի մտահոգություն դրանց պրակտիկ կիրառելիության և համաչափության առումով»,- նկատեց Թաթոյանը և հավելեց, որ արտակարգ դրության մոնիտորինգի ողջ ընթացքում իր գրասենյակը պարզել է, որ խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլև պետական մարմիններն են խնդրի առաջ կանգնում և դառնում են այդ կարգավորումմների իրավական զոհը, որովհետև լինում են նաև ոչ հստակ կարգավորումներ:
Արման Թաթոյանը հայտնեց, որ առաջիկայում կուղարկի նաև որոշակի դիտարկումներ և´ վարչապետի աշխատակազմ, և´ ԱԺ-ում կներգրավվի քննարկումներին:
«Ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ է վերջ տրվելու այս գործելակերպին, ե՞րբ կառավարության նիստում հնչում է, որ չի ուղարկվել կարծիքի, երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի… Սա ինչքան է շարունակվելու, լավ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը պատասխանեց, որ վարչապետի աշխատակազմը նախագիծը կարծիքի ուղարկելու և շրջանառելու գործառույթ չունի, այն անում է համապատասխան նախարարությունը՝ մինչև այն վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
«Բայց նախարարական կոմիտեի օրակարգն ուղարկվում է բոլոր գերատեսչություններին, և այդ հարցերը պետք է առաջանան կոմիտեի նիստի օրակարգի ձևավորման ժամանակ»,- եզրափակեց Աղաջանյանը:
Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ մինչև վերջին պահը պարզ չի եղել, թե որ նախարարությունը պետք է զեկուցող լինի, իրենք նախագիծն ուղակել են վարչապետի աշխատակազմ և հայտնել, որ Առողջապահության նախարարությունը պետք է լինի զեկուցողը և վերջին պահին միայն իմացել, որ իրենք են զեկուցելու:
Պարզաբանում ներկայացնելու համար ձեռք բարձրացրեց նաև Տիգրան Ավինյանը, բայց Նիկոլ Փաշինյանը նրան ձայն չտվեց և հայտարարեց. «Կգնաք, կքննարկեք մինչև ստորագման բերելը: Մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի և գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է. բոլոր առաջարկները քննարկվել է՝ ստորագրման չբերեք»:
Վարչապետը, այնուամենայնիվ, կարևորելով նախագիծը՝ առաջարկեց ընդունել այն, ինչն արվեց միաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան