Քաղաքական 14:55 27/08/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Դուք լավություն չեք անում, ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը` տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։

«Այսօր ես կառաջարկեի ազատ ոճով զրույց ունենալ տնտեսական իրավիճակի, անելիքների, հնարավոր ապագա զարգացումների մասին։ Դուք տնտեսական ոլորտի վերլուծաբաններ եք, վստահ եմ, որ  ինձանից ավելի լավ եք տիրապետում վիճակագրությանը, ունեք ավելի մեծ շփման մակերես, շատ ավելի ինֆորմացված եք։ Հույս ունեմ՝ այս հանդիպումից ինքս ինձ համար որոշակի եզրակացությունների գալ»,- զրույցի սկզբում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Կորոնավիրուս, ծրագրեր, արտոնություններ

Հարց-Կորոնավիրուսի հետևանքների զսպման համար կառավարությունն ավելի քան  20 ծրագիր իրականացրեց։ Դրանք հիմնականում ուղղված էին քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, բիզնեսներին որոշակի աջակցություն տրամադրվեց արտոնյալ վարկերի տեսքով։ Բայց  պաշտոնական վիճակագրությունից  կարելի է հասկանալ՝ արդյունք չի տվել՝ բացառությամբ մեկ-երկու ոլորտի, որտեղ դրական տեղաշարժ կարող ենք տեսնել։ Մնացած բոլոր ոլորտներում ունենք  անկում։

Արդյո՞ք կառավարության իրականացրած գործողությունները բավարար էին կամ կարող էին  այն լինեին, որպեսզի հետևանքները, արդյունքները գոնե մի փոքր տպավորիչ լինեին  դրական առումով։

Ռոբերտ Քոչարյան-Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան արվել է բիզնեսները փրկելու համար։ Ուղղակի փրկել  բառն եմ օգտագործում, որովհետև մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած։ Խոսքը պետք է գնա տվյալ դեպքում ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլ մի շարք միջոցառումների, առաջին հերթին՝ հարկային  արտոնություններ, օրինակ 1 տարի չհարկել։

Կոնպլեքս միջոցառումներով պետք է առաջ գնալ։ Երբ որ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն  վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա։ Տվյալ դեպքում արտոնյալ լինելը մի քիչ էլ պայմանական է այօրվա պայմաններում, երբ Եվրոպայում փողը բավական էժան է։ Այն, ինչ այստեղ արտոնյալ են ասում, Եվրոպայում ընդհանրապես միջին վարկային տոկոսն է, միգուցե ավելի ցածր։

Տվյալ դեպքում  չեմ համարում, որ արվել է որևէ լուրջ քայլ բիզնեսին աջակցելու համար։

Ամենից վատն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես մարդկանց լավություն անելու քայլեր։ Դուք լավություն չեք անում, ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն։ Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչով պետք է զբաղված լինեք ընդհանրապես։ Պետք է ուղղակի հիշել, թե ինչի համար է կառավարությունը, իշխանությունը։ Իրենց  գրպանից չէ այդ ամենը։ Իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվարին պահերին կանգնեն մարդկանց, բիզնեսների կողքին։
Քայքայված բիզնեսը չի ստացվելու 1-2  ամսում վերականգնել, տարիներ է պահանջվելու։  Պարզ ճշմարտություն է, որն իմ տպավորությամբ, ուղղակի չեն  հասկանում։ Գիտե՞ք նաև ինչու չեն հասկանում, որովհետև ոչ մեկն իր կյանքում 5 աշխատատեղ չի ստեղծել։ Դրա համար չեն հասկանում։

Պոպուլիստական բանաձև՝ մեկից վերցնել, տալ մյուսին

Հարց.-Կառավարության մոտ այսպիսի մոտեցում կա՝ մեկից վերցնենք, տանք մյուսին, դրանով ենթադրում են, որ սոցիալական կամ տնտեսության խնդիրները կլուծեն։ Կոռուպցիայի դեմ պայքար են անվանում։ Իրականում երկու տարի անցել է, անընդհատ այդ մասին խոսում են։ Այդուհանդերձ, ի վերջո ինչի՞ կբերի այդ մոտեցումը, ո՞ւր կարող է տանել տնտեսության մեջ, հասարակության ընկալումներում։

Ռոբերտ Քոչարյան.- Կա մի զանգված, որի համար հաճելի է լսել, նաև ուզում է հավատալ, որ մեկից վերցնելու են և իրենց են տալու։

Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից, տվել մյուսին։ Եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է, ոչ մեկին փայ չի հասել։ Ուղղակի պոպուլիստական բանաձև է, որը կիրառվում է։

Ցավոք, մեր ժողովրդի մի մասն ընկալում է դա, ընդունում է որպես ճշմարտություն, ինքն իրեն համոզում է, որ դա լինելու է եթե ոչ հիմա, ապա վաղը, մյուս օրը։ Ի դեպ, դա չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պետք չէ պայքարել։ Իհարկե, պետք է պայքարել։

Ներդրումներ՝ երեկ ու այսօր

Հարց.-Ինչպե՞ս եք գնահատում այդ պայքարը և ի՞նչ մեխանիզմներով պետք է պայքարել։ Արդյո՞ք սա է այն մեխանիզմը, որով պայքարում են։ Իսկապես բյուջեում նայում ենք, «այլ եկամուտներ» տողում հետ վերադարձված կոռուպցիոն գումարները չի երևում, աննշան տարբերություն է։

Ռոբերտ Քոչարյան.-Մի հետաքրքիր թիվ. վերջին երկու տարում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոս։ Պետական գնումները կոռուպցիայի համար ամենից գայթակղիչ ոլորտն է պետական կառավարման ոլորտում։ Այստեղ 72 տոկոսով աճել է։

Ո՞նց մենք հավատանք, թե պայքար է գնում կոռուպցիայի դեմ։ Ո՞նց մենք հավատանք, որ համակարգային կոռուպցիայի Հայաստանում չկա։

Ստիպված եմ վերադառնալ պարգևավճարներին։

Երբ բյուջեում չնախատեսված ծախսեր ենք կատարվում 120 միլիոն դոլարի չափով պարգևավճարների ձևով, դա այլ բան, քան բացահայտ կոռուպցիա, ուղղակի դժվար է որակել։ Ինչո՞վ են արդարանում։ Ասում են՝ 105 միլիոն դոլարը հետ ենք բերել։ Ես փորձել եմ իմ բոլոր գիտելիքները կիրառելով՝ հասկանալ, թե ուր են եկել այդ հետ բերած գումարները։ Ընդամենը գտել եմ 2-3 միլիարդ դրամի գումար։

Սա ի՞նչ է նշանակում։

Կամ ստում են, կամ եթե այդ գումարները հավաքել են, ապա գնացել է այլ գրպան, ոչ թե պետական բյուջե։ Եվ այնքան ժամանակ, մինչև կառավարությունը ցույց չտա, թե ուր են եկել, ծախսվել այդ գումարները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին պետք է համարի, որ գրպանված գումարներ են։ Եթե գումարում ես այդ երկու թիվը միասին՝ պարգևավճարներ՝ 120 միլիոն դոլար, 105 միլիոն հետ բերած, անհետացած գումարներ, ահռելի թիվ է։ Դա ոչ թե մեկի ենթադրությունն է, այլ պետության կողմից հայտարարված գումարների մասին է խոսքը։ Շատ մասնագիտացված կազմակերպություններ նման կողմնակի ինդիկատորներով են հասկանում իրական կոռուպցիայի մակարդակն այս կամ այն երկրում։

Ի դեպ, ինձ համար զարմանալի է մի շարք դեսպանատների, Եվրամիության ներկայացուցիչների հայտարարությունները։ Մի՞թե իրենք այսքանը չեն տեսնում, երբ ասում են՝ չափազանց գոհ են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակով։ Ամենից փայլուն օրինակներից մեկն է, երբ անօրինական ձևով ես այդ գումարները կոնֆիսկացնում, դրա հետևանքներն ապագայի համար շատ ծանր են լինելու։ «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը մինչև այսօր հասկանալի չէ, բեռ է դարձել պետության համար։

Մի օր այս իշխանությունները փոխվելու են, բոլորը դատարաններում վերականգնելու են, քանի որ իրենց իրավունքներն ակնհայտ ոտնահարված են։ Ուղղակի այդ արանքում գույքն է փչանալու, փոխհատուցումներ են պահանջելու ոչ միայն գույքի վնասը, նաև տարիների ընթացքում կորցրած եկամուտը։ Այսօր իշխանությունն ակն է դնում այս երկրի ապագայի համար։ Սա մեծ պրոբլեմ է։ Ներդրումային մթնոլորտի վրա հսկայական ազդեցություն է ունենում։ Ներդրողների 80-90 տոկոսը ոչ թե իրենք են գալիս այստեղ ներդրում անելու համար, գործընկեր են գտնում։ Տվյալ դեպքում այս ընդունված օրենքներով Հայաստանում գրեթե բոլորը հայտնվում են ռիսկային գոտում։

Մոտ երկու տարի առաջ ինչ-որ մի հարցազրույցում ասացի, որ հեղափոխությունը վատագույն բրենդն է բիզնեսի համար և ինչքան շուտ այդ բրենդից հրաժարվեք հանուն ներդրումների, այնքան ավելի լավ։ Չեն ուզում հրաժարվել։ Կարելի է նաև որոշ զուգահեռներ տանել միգուցե այն ժամանակահատվածի հետ, երբ ես Հայաստանի նախագահն էի։

Երևի հարցերին պետք է պատասխանել՝ ի՞նչ է պետք ներդրողի համար, ո՞րն է երկրի մրցակցային առավելությունը, ի՞նչ կարգի տնտեսություն ես դու ուզում կառուցել․ եթե այդ հարցերի պատասխանը հստակ չկա, ձևակերպված չի, հռչակված չէ զարգացման տնտեսական մոդելը, ներդրումները լինելու են ուղղակի պատահականությունը։ Ինչ- որ մեկն ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ ծանոթով կամ այլ սուբյեկտիվ գործոնով կարող է հայտնվել Հայաստանում և մի փոքր ներդրում անել։ Ավելի մեծ բան ակնկալել, ուղղակի հնարավոր չէ։

Միգուցե մի քանի խոսքով ես հիշեցնեմ, թե ոնց էինք մենք անում, որովհետև ներդրումներն այն ժամանակ բավական լուրջ էին։ Առաջին՝ պետք է բարենպաստ ներդրումային միջավայրը ստեղծվի։ Եթե դա չստեղծվի, թիրախային, միայն քո միջամտությունով, լուրջ բանի չես հասնելու։ Միջավայրը նշանակում է օրենսդրություն, ուժային կառույցներին հեռու պահել բիզնեսներից, ստուգումներից, ասֆալտին փռելուց, նման կարգի գործողություններից։

Նշանակում է՝ պետությունը պետք է լուրջ ներդրումներ անի ենթակառուցվածքներում։ Ոչ մի տեղ նորմալ բիզնես չես ունենալու, եթե այդ երկրում ենթակառուցվածքները զարգացած չեն։ Պետությունն առաջին հերթին պետք է այս հարցերը կարողանա լուծել։ Մենք դրանից ենք սկսել 1997-98 թվականներին։ Ենթակառուցվածքներ։ Եթե ուզում ես տուրիզմ զարգացնել, առանց լավ օդանավակայանի չես կարող տուրիզմ զարգացնել, ոչ մի լավ ընկերություն չի թռնելու Հայաստան, որովհետև ոչ մի ապահովագրություն չի ապահովագրելու այդ թռիչքը։

Զուգահեռաբար դրան՝ պետք է օրենսդրությունը կարգավորվի, բարենպաստ օրենսդրություն՝ ներդրողների համար, ներդրողների պաշտպանվածություն։ Դրանից հետո գալիս է հստակ տնտեսական քաղաքականությունը, թե ուր է գնում երկիրը, ինչ է ուզում։ Այդ իզմերը, որոնք այսօր գոյություն չունի, որովհետև իզմը ևս կարևոր է։ Ուր է այն ազատական տնտեսության, բիզնեսի և ժողովրդի սոցիալական պաշտպանվածության բալանսը։ Եթե այդ բալանսը խախտվում է, դու ստանում ես ազատ բիզնես անելու միջավայր, բայց բևեռացված հասարակություն, լարվածություն, որը սկսում է իր մեջ մեծ քաղաքական ռիսկեր պարունակել։ Այս ամբողջը պետական ֆունկցիա է։ Այս ամբողջը պետք է արվի զուգահեռաբար։ Եթե այդքանը ստեղծում ես, մարդիկ գալու են, ներդրումներ անելու են։

Միայն խոշոր ներդրումների նկատմամբ պետությունը պետք է չափազանց ուշադիր լինի և այստեղ ևս բերեմ օրինականեր։ Օրինակ, «Պեռնո Ռիկար» ընկերության մուտքը Հայաստաան։ Շատ դժվար գործարք էր։ Հայաստանում մեղադրում էին ազգային արժեքների վաճառման մեջ։ Ես Ֆրանսիա այցի ժամանակ այցելել եմ իրենց, ուղղակի համոզել, որ իրենք գան։ Ինչո՞ւ համար եմ դա արել։ Առաջին հերթին ոչ այդքան կոնյակի որակն էր ինձ հետաքրքրում, ինչքան վերամշակող և գյուղացի հարաբերությունների մշակույթը ներդնել Հայաստան։ Այն, ինչ որ չկար։ Այն, ինչ արեց «Պեռնո Ռիկարը», մտցրեց այդ մշակույթը։ Դրանից հետո բոլորը սկսեցին երկարատև պայմանագրային հարաբերություններ ունենալ ֆերմերային տնտեսությունների հետ, սկսեցին նաև մինչև բերքի գնումը աջակցել պարարտանյութով, թունաքիմիկատներով, ագրոտեխնիկական գիտելիքներով։ Սա հսկայական գործ էր։

Մեկ այլ օրիակ, «Ռենկո» ընկերության մուտքը Հայաստան, որը փոխել է շինարարության ոլորտում մշակույթը։ Երբ 9 ամսում կառուցվեց «Երևան» հյուրանոցը և այդ փողոցը փակված չէր։

Շինարարները գնում էին, կողքից նայում էին, հետաքրքրվում էին, սովորում էին։
Էռնեկյանի մուտքը Հայաստան։ Նրա հետ ծանոթացել եմ, երբ դեռ Ղարաբաղի նախագահն էի՝ 1995-ին, թե 96-ին Արգենտինայում։ Համոզեցի այն ժամանակ Ղարաբաղի հեռուստատեսությունն ամբողջությամբ վերանորոգել, թարմացնել։

Ուղղակի համոզել եմ, այնպես չէ, որ գալիս էր։

Համոզել եմ օդանավակայանը, դրանից հետո գինու արտադրություն։ Հպարտանում ենք այսօր հայկական գինիներով։ Ժամանակին «Պեռնո Ռիկարին» խնդրել եմ գոնե մի նորմալ գինի արտադրեն Հայաստանում։ Հետո երբ մյուսները սկսեցին, ինձ դիմեցին, ասացին՝ հանենք, մեր պրոֆիլը, չէ, ասեցի՝ այո։ Բայց ուզում էի այդ մշակույթը մտնի Հայաստան։ Մենք գինի խմող ազգ պետք է լինեն, գինին խաղողի շարունակությունն է։

«Թումո կենտրոնը»։ Եթե մեր երկրի համար IT հայտարարում ենք որպես գերակայություն, հո պարապ տեղը հայտարարելով չէ։ Պետք է այնպիսի ընկերություն բերել, այնպիսի քայլեր անել, որոնք նոր միջավայրը, նոր մշակույթ են ձևավորելու։ Այդպիսի ոլորտ չկա, որտեղ չեմ կարող նման խոշոր ներդրումների օրինակներ բերել, որոնք այս երկրի պատկերն են փոխել։

Ուղղակի մարդիկ չեն հիշում։

Գյուղատնտեսության ոլորտում ամբողջ վերամշակումն այն ժամանակ ձևավորվեց։

Նույն «Հայռուսգազարդի» ձևավորումը ՌԴ-ի հետ։ Մեղադրում են, ասում են՝ ռուսներին ակտիվը տվեցի և այլն։ Ամբողջ «Հայռուսգազարդը» մեկ հատ փտած խողովակ էր մոտ 30 հազար բաժանորդով, բալանսային արժեքը եղել է 18 միլիոն դոլար։ Հիմա նայեք՝ ինչ ընկերություն ենք սարքել, 90 տոկոսից ավելի գազաֆիկացում եղավ Հայաստանում։ Կայուն գները քանի տարի պահվեցին։ Մշակույթ ձևավորվեց, բիզնես դարձավ, սաղ գողանում էին։ Գազաֆիկացումից հետո անտառահատումները կանգնեցին։ Քանի տարի գլխացավանք չենք ունեցել անտառհատման հետ կապված մինչև գազի գինը մի քիչ չթանկացավ։

Գիտեք ինչո՞ւ է երկաթուղին բերվել։ Ես եմ խնդրել, պնդել եմ, որ պետք է գան։ Հաջորդ քայլը պետք է լիներ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։

Երբ որ առաջին անգամ «Գազպրոմի» հարցը քննարկում էի, վարչապատ էի դեռ, համատեղ ընկերության ստեղծման հիմնական գործոններից մեկն ինձ համար եղել է Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը։ 1997 թիվն էր։

Երկար տևեց, բայց կառուցեինք, երկրի էներգետիկ անվտանգության խնդիրն, իրոք, լուծվեց։ Ամբողջությամբ ծրագիրը չի աշխատում, երրորդ էլեկտրական գիծը մինչև այսօր չի կառուցվել։ Ինչու չի կաուցվել, չգիտեմ։

Հարց-Հիմա այդ ընկերությունների հանդեպ ռեպրեսիվ քայլեր արվեցին՝ դիմակավորված ստուգումներ, կոռուպցիայի մեղադրանք։ Ընդհանրապես, ի՞նչ եք կարծում՝ նման բացասական իմիջ է ստեղծվել նման ինստիտուցիոնալ ներդրողների նկատմամբ, ի՞նչ է ստացվելու դրանից։

Ռոբերտ Քոչարյան-Նորմալ երկիր չի գալու այստեղ։ Այլևս չեմ հավատում, որ РЖД-ի հետ հնարավոր է լինելու քննարկել Իրանի հետ մեզ կապող նոր երկաթուղու հարցը։

Ինչպե՞ս քննարկես։

Ի դեպ, բավական լուրջ քննարկում էինք։ Ափսոս այն ժամանակ Չինաստանը խոշոր պետական ծրագրեր դրսում չէր իրականացնում։ Բայց միացնելով այս գաղափարին նաև չինական կողմը, վստահ եմ, մենք այսօր պետք է ունենայիք այդ երկաթուղին։

Մեր ֆունդամենտալ տնտեսական բաղադրիչները շատ վատն են՝ շրջափակում, վատ դեմոգրաֆիա։

Առաջին հերթին իշխանությունը պետք է մտածի՝ ոնց ջարդեմ սա, այս ոնց փոխեմ դեպի լավը։

Երկաթուղին այդ ուղղություններից մեկն էր։ Ես շատ մեծ հույս էի կապում։ Մեծ ծրագիր էր, մեծ գումար էր պահանջում, Չինաստանին բերել-կապել այս ծրագրին, մի բան կարող էր ստացվել։
Գիտեք մեզ ի՞նչ էին միշտ ասում։ Ասում էին՝ ներկա բեռնափոխադրումների ծավալը բավարար չէ այդ երկաթուղու՝ գոնե վնասով չաշխատելու համար։ Մեզ համար դա պետք է լիներ քաղաքական ծրագիր։ Մենք ասում էին՝ մենք ներկայով չպետք է հաշվենք, այլ հաշվենք, թե ինչ կարգի բեռնափոխադրումներ են ավելանալու, եթե այդ երկաթուղին լինի։ Այս թվի շուրջ էր ավելի շատ մեր բանավեճը։

Գյուղատնտեսություն և տարրական լիդերություն

Հարց-Գյուղատնտեսությունը միայն սոցիալական խնդիր չէ, բնակչության 1/3-րդ այսօր գյուղատնտեսության ոլորտում զբաղվածություն ունի, բացի այդ՝ անկախ ամեն ինչից, ցանկացած գյուղատնտեսության մեջ արված ներդրում նաև պարենային անվտանգության խնդիրը կարող է լուծել Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ շատ կախված ենք արտաքին շուկաներից, այնտեղ ցանկացած տեսակի տատանումներից։

Գյուղացիներն անընդհատ խոսում են ոռոգման ջրի պակասի մասին, չկան ջրաչափեր, համակարգը մաշված է, կառավարումը վատ է իրականացվում։ Այս ամենին զուգահեռ գազի գնի բարձրացման արդյունքում անմիջապես հարված հասցվեց այն երկու հիմնական ուղղություններին՝ վերամշակում և ջերմոցային տնտեսություն, որոնք ապահովել էին գյուղատնտեսության ոլորտի մի փոքր աճը առաջին վեց ամիսներին

Գազի գնի բարձրացման արդյունքում գյուղատնտեսական ոլորտի փոքր աճը չենք կարող ունենալ։ Այսինքն, ինչ մասին մենք խոսում ենք, փաստացի այսօրվա դրությամբ ոնց որ դեպի բացասական ուղղություն ենք գնում։

Ռոբերտ Քոչարյան- Իսկ դուք այդ փոքր աճին հավատո՞ւմ եք։ Ո՞վ է այդ ցուցանիշները տրամադրում։ Ինձ համար կասկածելի է, որովհետև բերքն այս տարի լավը չէր։

Ես կասկածներ ունեմ նույնիսկ այդ փոքր աճի նկատմամբ։

Ի դեպ, դա ոչ թե Վիճկոմն է խաբում, չեմ կարծում, իրենք իրենց մեթոդաբանությամբ ինչ որ հաշվարկներ անում են, այլ այն տեղերում, որտեղ քաղաքականացված մարդիկ ներկայացնում են թվեր, այնպիսի թվեր են ներկայացնում, որ ասեն ինչ որ բանի հասել են։

Ամենից մեծ վտանգը, որը սպառնում է նորաթուխ պաշտոնյային, մեկ-երկու ամիս հետո իրեն թվում է, թե ինքը բոլոր գիտությունների, ոլորտների ակադեմիկոս է։ Ուր գնում է, ինչ ասում է, բոլորը գլխով են անում, լսում են, գրառում են անում։

Գայթակղությունը շատ մեծ է միանգամից կարծել, թե դու ամեն ինչ գիտես։ Անհնար է, որ մարդ ամեն ինչում մասնագետ լինի։ Նույնիսկ ես նկատել եմ՝ երբ հանդիպումներ են կազմակերպում, ոչ թե լսում են, սկսում են իրենք խոսել։ 

Տարրական լիդերության, ինքնազարգացման գրականությունը քեզ ուղղակի ասում է՝ եթե ղեկավար ես, կարծիքդ սկզբից մի ասա, ուղղակի լսի մարդիկ ինչ են ասում, քանի որ գնում ես մասնագետների հետ հանդիպման կարծիք ձևավորելու համար։ Եթե դու սկզբում կարծիք ես ասում, նստածների 99 տոկոսը չեն հակաճառելու, կաշկանդվելու են։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ կառավարման տեսանկյունից այսպես չի կարելի։

Հիմա ինչ է պետք գյուղատնտեսության համար։ Գյուղացուց լավ ոչ մեկ չգիտի, թե իրեն ինչ է պետք։ Յուրաքանչյուր ֆերմերի հետ հանդիպման ժամանակ քեզ ասելու են՝ ոռոգում, պարարտանյութ, թունաքիմիկատ բերք ստանալու համար, մատչելի վարկ շրջանառու միջոց ունենալու համար և շուկա, վերամշակում կամ իրացում։ Հիմա հատ-հատ պետությունը պետք է նայի՝ որտեղ անելիք ունի, որտեղ ոչ։

Ես, օրինակ, տարեկան առնվազն 2 անգամ հանդիպում էի ֆերմերների հետ, մոտ 25-30 հոգի, չէի խոսում ընդհանրապես, միայն լսում էի։ Ինչ խոսեմ, գյուղում չեմ մեծացել։ Հրավիրել եմ իրենց լսելու համար։ Ամեն լսելուց հետո ծրագիր էինք կազմում, վեց ամիս անց կրկին հանդիպում։ Եվ տարեկան գյուղատնտեսության աճը եղել է 8-9 տոկոս։

Ի՞նչ կարգի խնդիրներ են եղել այն ժամանակ։ Հիմա չկան այդ խնդիրները։ Ոռոգման մի զգալի մասը եղել է երկաստիճան, եռաստիճան պոմպակայաններով։ Սովետից ենք ժառանգել։ Ամբողջը փոխեցինք ինքնահոս, գրավիտացիոն ջրատարներով։ Մեծ ծրագիր ենք իրականացրել բյուջեային միջոցներով, ՀԲ վարկային ծրագրերով։

Պետք է թիրախավորել, թե որտեղ է քո պրոբլեմն ու ծրագիր ներկայացնես խնդիրների լուծման համար։ Գյուղն ամենօրյա ուշադրություն է ուզում։ Չկա զարգացած երկիր, որտեղը գյուղատնտեսությունը չսուբիսադավորեն։ Գյուղացին տվյալ ժողովրդի ավանդույթները կրողը, պահողն է, միշտ ինչ որ չափով կոնսերվատիվ է լինում տեխնոլոգիաների տեսանկյունից։ Պետք է համբերատար բացատրես, օգնես, ուսանես, ոչ թե ասես՝ փնթի ես, լավ չես աշխատում կամ կոստյումով պետք է գաս։ Չի լինի այդպես։ Ազգային ավանդույթների ողնաշարն է։ Դրա համար գյուղատնտեսությանը պետք է լրիվ ուրիշ աչքով նայել։

Ժամանակին գյուղատնտեսության որոշ ճյուղերի համար, բացի պետական ներդրումներից, մենք նաև պրոտեկցիա էինք իրականացնում։ Օրինակ, Հայաստանում 97-98 թվականներին հավի ձուն 90 տոկոսով ներմուծվում էր: Մենք սահմանափակում էինք թուրքական ներմուծումը, որովհետև ամբողջը Թուրքիայից էր: Երկու տարում զրոյի է հասավ: Նաև կերի հարկերն ենք հանել, վարկային միջոցներ տվել։ Շատ լուրջ պետական գործիքներ ենք կիրառել։

Շատ կոնկրետ, թիրախավորված աջակցել ենք տնտեսություններին: Հիմա, կարծում եմ, ևս պետք է նայել ճյուղ առ ճյուղ՝ ինչ է պետք է անել: Չկա այդպիսի զարգացած պետություն, որը գյուղացու կողքին կանգնած չլինի։

Հարց- Արդյոք ներկայիս տնտեսական իրավիճակում խելամիտ էր, նաև նույնիսկ եթե փոքր գումար է, ներդրում կատարել հենց հատկապես Սևանի ավանզի շուրջ ճանապարհաշինարարության համար։ Այսօր ունենք խնդիր, տնտեսական որոշ ճյուղերում, մասնավորապես զբոսաշրջություն, ծառայություններ, լուրջ անկում ունենք և արդյո՞ք խելամիտ էր ներդրում անելը, երբ որ ոլորտը փաստացի չկա, երբ կլինի, չեն կարող ասել

Ռոբերտ Քոչարյան- Կարծում եմ՝ վարկային գծի հարց կա։ Եթե հիմնականում կառուցվում է վարկային գծով, փորձում են հիմա մաքսիմալ ձևով այդ վարկային գիծն օգտագործել։

Այդ տեսանկյունից ճիշտ են։ Եթե բյուջետային հատկացումներ են, երևի այս պահին եղած բիզնեսների կորուստն ավելի թանկ է նստելու պետության համար։

Սպանդանոցների մասին

Հարց-Սպանդանոցների դեպքում խնդիր է առաջացել, ինչպե՞ս լուծել այդ խնդիրները։

Ռոբերտ Քոչարյան-Կա երկու ճանապարհ։ Ինչ-որ ծախսել սուբսիդավորել։ Պետությունը պետք է կազմակերպի, աշխատեցնի, երկու տարի հետո մասնավորեցնի։ Ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերություններ։ Եթե մի բան արգելում ես, պարտադրում ես, որ մարդիկ քո ուզածն անեն, նաև պետք է դրա ծախսի առյուծի բաժինը քո վրա վերցնես։

Այս հարցում ես այլ ձև կանեի։ Պարզ տարբերակով՝ բոլոր մեծ գյուղերում ուղղակի պետական ծրագրով փոքր սպանդանոց կկառուցեի։ Մոտակա մի քանի գյուղի համար դառնում է համայնքային սեփականություն, գյուղացիները շատ լավ իրար հետ պայմանավորվում են։

Չեն քննարկում այդ ոլորտի մարդկանց հետ։

Ամուլսար, հանքարդյունաբերություն. «Չի լինելու որոշում, որը բոլորին բավարարի»

Հարց- Այդպես չեն էլ քննարկում Ամուլսարի հարցը։ Մեր կառավարությունը Ամուլսարի հետ կապված դիրքորոշում չի հայտնել, բայց թե շահագործելը, թե չշահագործելը, մեր տնտեսության վրա լուրջ ազդեցություն կունենա։ Ձեր կառավարման տարիներին Սոթքի ոսկու հանքի հետ կապված նմանատիպ իրադրություն ունեինք։ Իհարկե, այսքան լարված չէր։ Հետաքրքրի է Ձեր փորձառությունը և արդյո՞ք Սոթքի դեպքի լուծումը հնարավոր է կիրառել այսօր Ամուլսարի պարագայում։

Ռոբերտ Քոչարյան- Այն, ինչ այսօր կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության, այլև պետական կառավարման ձախողման հարց է։ Իհարկե, անընդունելի է, որ մի խումբ մարդիկ շատ բարի նպատակներով անօրինական ձևով արգելափակում են ընկերության գործունեությունը:

Այստեղ պետությունն իսկապես անելիք ունի. եթե չպետք է աշխատի, ապա այդ որոշումը պետք է պետությունը կայացնի, այլ ոչ թե մարդիկ 1,5-2 տարի ինչ-որ տնակներում սար են պահում: Պատկերացնում եք՝ նույնիսկ ձևակերպումը՝ «մեր սարը պահում ենք»։ Հասկանում եմ այդ մարդկանց, նաև բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, եթե այսքան ժամանակում պետությունը չի կարողացել կողմնորոշվել, թե ինչ է ինքն անում։

ՇՄԱԳ-ը չեմ կարդացել, մանրամասները չգիտեմ, մի բան պարզ է՝ եթե կա բնապահպանական փոքր ռիսկ, ուրեմն չպետք է աշխատացնել:

Ինչքան ես հասկանում եմ՝ ոչ մեկ չի հայտարարում, որ չկան ռիսկեր, ոչ մի պաշտոնյա հստակ չի ասում: Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, եթե ռիսկեր կան, ուրեմն չպետք է աշխատացնել, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը։ Վերջը դուք կա՞ք, թե՞ չկաք։ Վերջը պարգևավճարը որոշում կայացնելու համար եք ստանում, աշխատավարձը ստանում եք որոշում կայացնելու համար:
Ղեկավարի գործը որոշում կայացնելն է, կայացրեք որոշում։

Չի լինելու որոշում, որը բոլորին բավարարի։

Օրինակը, որը բերեցիք Սոթքի հանքի հետ կապված, հետևյալն է։

Ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը շատ էր ուզում հարստացուցիչ ֆաբրիկան կառուցել
հանքի մոտ։ Յուրաքանչյուր ներդրող, գործարար այդ ցանկությունը ունենալու է և պատկերացրեք մի վիճակ՝ հանքաքարը Սոթքից տեղափոխում են Արարատ, եթե չեմ սխալվում 241 կիլոմետր, այնտեղ վերամշակելու համար, որը ոսկու ինքնարժեքի 55 տոկոսն էր կազմում:

Այն ժամանակ ոսկու գինը կրկնակի ավելի էժան էր, քան հիմա, նույնիսկ չենք էլ բանակցել, ասել ենք՝ ստոպ, հնարավոր չէ Սևանի ջրային ավազանում նման կարգի գործարան դնել: Սևանն այնպիսի ազդեցություն ունի Հայաստանի կլիմային, ջրային պաշարների վրա, որ ուղղակի անթույլատրելի էր։ Սեյսմիկ ակտիվ գոտի էր, ոնց կարող էինք։ Չենք էլ բանակցել։ Ասել ենք՝ նստենք, քննարկենք լուծումներ գտնենք։ Լուծումն այն էր, որ որոշակի արտոնություն ստացան ինչ-որ ծավալի պարգայում ավելի արտոնյալ տարիֆներով երկաթուղով տեղափոխելու համար:

Ամուլսարի դեպքում, ընդհանրապես, բաց հանքի շահագործումը Ջերմուկից այդպիսի հեռավարության վրա, որը ենթադրվում է պայթուններ շաբաթական 2-3 օրը մեկ, իհարկե, անթույլատրելի է:

Հարստացուցիչ ֆաբրիկայի այդ տարածքում ևս վտանգավոր է, ոչ մեկ չգիտի, թե ստորգետնյա ջրերը իրենց ինչպես են պահեում, ի վերջո ամեն փոքր երկրաշարժով բան է փոխում:

Ստորգետնյա ջրերի լուրջ ուսումնասիրության քարտեզ մենք չունենք։ Իհարկե վտանգավոր է, իհարկե, չի կարելի, բայց կարելի է ինչ-որ առաջարկ տալ, ոչ թե երկու տարի թաքնվել, ելույթներից չես հասկանում այս մարդկանց կարծիքը որն է, և նալին են թխում, և մեխին, մեխին-նալին, մեխին-նալին։ Չեմ խորացել, բայց իմ տպավորությամբ կարելի է առաջարկել հանքի փակ շահագործում և առաջարկել հարստացուցիչ ֆաբրիկան հեռացնել:

Համոզված եմ՝ այս ոսկու գների պարագայում կհամաձայվեն, իրենք չհամաձայնեն, մեկ ուրիշը կհամաձայնի և իր վրա կվերցնի դրա հետ կապված բեռը։ Չեն առաջարկում, հաշվարկ չեն անում։ Այդ առաջարկն անելու համար պետք է մի հաշվարկ անել, ցույց տալ, որ ողջամիտ առաջարկ է։ Կարող է ողջամիտ առաջարկ չէ։ Երբ հարստացուցիչ ֆաբրիկան ես հեռացնում, համենայնդեպս, բնապահպանները կարող են շարունակել բողոքել, բայց Ջերմուկը որպես առողջարանային քաղաք չես վերացնում։

Մարդիկ իրենց ողջ կյանքը մեծացել են առողջարանային քաղաքում, հիմա չեն ուզում հանքափոր դառնալ, զոռով ասում են՝ չէ, գնացեք փոշին շնչեք, մի քիչ էլ ցիանիդով ջուր խմեք։ Իրոք, չի լինի այդպես։

Պարտքեր, ՀՆԱ, ռիսկայնություն

Հարց-Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ չեն կարողանում մեր իշխանությունները որոշումները կայացնել։ Հետաքրքիր է՝ Դուք որևէ բացատրություն ունե՞ք։ Չկա որևէ հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսական, կրթական խնդիրները, առաջնահերթությունները։ Բոլորի մոտ նույն ձեռագիրն է, որտեղի՞ց է գալիս։

Ռոբերտ Քոչարյան- Պոպուլիզմ։

Իմ խոսքում ես անընդհատ դա եմ նշում՝ հարգեք մասնագիտական գիտելիքները, քննարկեք հարցերը մասնագետների հետ։ Դա միշտ էինք անում։ Պարտադիր չէ դա սարքես շոուներ։ Հակառակը։ Ղեկավարը պետք է ամեն օր զարթնելուց ասի՝ ես լիքը բան չգիտեմ, ամեն օր պետք է բան քննարկեմ մասնագետների հետ։ Եթե այդպես չի մտածում, համարում է, որ բոլոր գիտությունների ակադեմիկոս է, այդ երկիրը լրջագույն պրոբլեմ ունի, եթե այդպես է։ Իմ տպավորությամբ այդպես է։

Հարց- Ի՞նչ խնդիրների կբախվենք, հատկապես երբ արտաքին պարտքը վերցնում են, տնտեսական զարգացման ծրագրերի չեն ուղղում, այլ այսրոպեական բյուջեի ծախսեր և այլն։ Ի՞նչ խնդիրներ առաջիկայում կառաջացնի։

Ռոբերտ Քոչարյան- Ժողովրդի իշխանության կուտակած պարտքը բեռ չի ժողովրդի համար (ծիծաղում են)։

Պարտքի սպասարկման գումարներն են մեծանում, քո վարկանիշն է փոխվում, և հաջորդ վարկը միշտ ստանալու ես ավելի մեծ տոկոսով և գալու է մի պահ, երբ որ քեզ ոչ մեկը նաև չի ֆինանսավորելու, որովհետև հայտնվելու ես ռիսկային գոտում քո վարկ-ՀՆԱ հարաբերակցության պատճառով։ Այստեղ միայն տոկոսի հարցը չէ, 50 թե 60 տոկոս է, պետք է պարտքի կառուցվածքը նայել։ Հիմա ՀՆԱ-ի անկում ենք ունենալու։ Պարտքի մի աստիճան կա, որից հետո ռիսկայնությունը սկսում է կտրուկ մեծանալ։

Հարց-Դուք խորհուրդ կտաք, որ այլևս չվերցնե՞ն։ Ձեր կառավարման ժամանակ արտաքին պարտքը նվազել էր, կարելի է ենթադրել, որ Դուք դեմ եք արտաքին պարտքի ավելացմանը, գտնում եք, որ երկրի վրա բեռ է լինում, պետք է զարգացման ճանապարհներ փնտրել։

Ռոբերտ Քոչարյան- Այո, 13 ու քանի տոկոս։

Այո, դեմ էի այն ժամանակ։ Վերցնում էինք հիմնականում այն պարտքերը, օրինակ Համաշխարահային բանկ և այլն, շատ քիչ վարկեր է եղել 2 տոկոսոնաց։ Այն ժամանակ ոչ միայն պարտքն էր փոքր, այլ պարտքի կառուցվածքն էր շատ ավելի լավ, անհամեմատ ավելի լավ։ Տնտեսությունը զարգանում էր երկնիշ թվերով, կարելի էր պարք վերցնել ոչ թե 12-13 տոկոս զարգանալ, 20 տոկոս զարգանալ։ Չէինք անում։

Հարց- Այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգում 26 միլիարդ դրամով ելքերն ավելի շատ էին, քան մուտքերը։ Սարսափելի թիվ է, բայց ոչ մեկ չի վերլուծել, քննարկում չի կազմակերպել։ Հասկանալի է, որ բնակչությունն աղքատանում է, այդ գումարները վերցնում է։ Բայց հարկավոր է մտածել, ինչ որ բան անել։ Այդքան մեծ բանկային համակարգ չունենք, որ 26 միլիարդ դրամի հետ հանաք անենք։

Ռոբերտ Քոչարյան-Համամիտ եմ, ուղղակի պետք է հիշեցնեմ, որ կա վարքագծային տնտեսագիտություն։ Մարդիկ պետք է հասկանան, որ կա այս երևույթը։ Կա նաև տնտեսագիտական հոգեբանություն։ Հիմա նրանք ավելի սուր արտահայտվում են հենց ճգնաժամերի, կտրուկ փոփոխությունների ժամանակ։ Շատ դեպքերում մարդկանց վարքագիծը ավելի ռացիոնալ է։ Հիմա չեմ կարծում որևէ մեկն այստեղ նման կարգի վերլուծություններ է անում, փորձում այդ տեսանկյունից գնահատել իրավիճակը։ Բայց դա լավ բացատրում է պատճառները։ Կենտրոնական բանկը, կառավարության մասնգիտական թիմը պետք է հասկանա, բացատրությոն տա։ Բիզնեսի համար ամենից վատ բանը, երբ չի հասկանում, թե ինչ է կատարվում։

Կուտակված մեքենաներ, պետություն-անհատ

Հարց
- Նախորդ երկու տարիներին կարողացել ենք լավ տնտեսական ցուցանիշներ ներկայացնել երկու ազդեցության գործոնով՝ մեքենաների ներկրում ու դրանց վերավաճառումը ԵԱՏՄ պետություններին, մյուսը՝ վիճակախաղեր, որտեղից բավականին շատ հարկային եկամուտներ էին գեներացվում։ Բայց 2020 թվականի հունվարի 1-ով մեր պետության առավելությունը ԵԱՏՄ տարածքում իրացնել այդ բերված մեքենաններն արտոնյալ պայմաններով, վերացավ, բայց այս պահին մեքենաներ կան կուտակված, չեն կարողանում իրացնել, շատ անհասկանալի իրավիճակում ենք։ Կրկին՝ անհատն օգնեց, որ պետությունն աճի, հարկ ստանա, իսկ պետությունն այն ժամանակ, երբ պետք է օգնի այդ անհատին, գոյություն չունի։

Ռոբերտ Քոչարյան- Ժողովրդական լեզվով ասում են «գցեց»։ Ինչ պետք է աներ պետությունը։ 2018-ին ներմուծել է 64 հազար, 2019-ին՝ 189 հազար մեքենա։ Արդեն 2019 թ. հուլիս-օգոստոսին պարզ էր, որ ինչ որ բան է կատարվում, որը բերելու է վատ հետևանքների կոնկրետ մարդկանց համար։ Աշնանը թիվն ահռելի սկսեց աճել։ Սեպտեմբերից պետք է զգուշացնեին, որ պրոբլեմ է լինելու, հավաքեին ներկրողներին, ժողովներ անեին, զգուշացնեին։

Ոչ մի բան չարվեց։

Խոսում ենք պետական ֆունկցիայի մասին, պարտավոր էր պետությունը իրազեկել մարդկանց գոյացող ռիսկերի մասին. դու դրանից օգտվում ես, գումարներ ես գանձում, դու այդ գումարներով պարգևավճարներ ես բաժանում, պարտավոր ես զգուշացնել՝ այ ժողովուրդ, ստոպ։

Արդեն հոկտեմբեր-դեկտմեբերի ամիսներին պետք է սահմանափակումներ մտցնեին, որ այս վիճակը չլիներ։ Եթե պետությունն իր սուրբ պարտականությունը չի արել, պետք է այդ մարդկանց հետ կիսի այն կորուստները, որոնք կրել են այդ մարդիկ, կամ լուծումներ գտնել։ Կարծում եմ՝ հնարավոր է լուծում գտնել, պայմանավորվելով այլ երկրների հետ։ Պետությունը պարտավոր էր իմանալ, որ նման խնդիր է լինելու։ Եթե չգիտեր, այդ երևույթին այլ որակում պետք է տալ։

Հարց-Այդ բանակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում։

Ռոբերտ Քոչարյան-Արտաքին հարաբերությունների մի զգալի մասը հենց քո տնտեսական շահերի ապահովման քայլերը պետք է լինեն այլ երկրների հետ։ Երբ որ պայմանագրեր ենք ստորագրում այլ երկրների հետ, երևի 80 տոկոսը վերաբերում է՝ կրկնակի հարկում, տնտեսական ներդրումների պաշտպանություն։ Հիմնական փաթեթի զգալի մասը հենց տնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրեր են։ Արտաքին քաղաքականությունն ինչ որ չափով սրա շարունակությունն է։ Պետք է հասկանալ, որ դիվանագիտութունը և արտաքին հարաբերությունները սելֆի անելու համար չէ, քո երկրի տնտեսական շահերն այլ երկրի հետ ապահովելու համար են։

Բարի եղիր, գնա հարց լուծի։ Կստացվի, չի ստացվի, իմ ինչ գործն է։ Այն մարդը, որը կորուստներ է ունեցել, տունը գրավ է դրել, հիմա իր տունն է կորցնելու, դա իր խնդիրը չպետք է լինի։ Դու որպես պետություն քո ֆունկցիան չես արել, բարի եղիր ոնց ուզում ես հարցը լուծիր։ Պահանջատիրությունն այդպիսին պետք է լինի։

Համոզված եմ, որ հնարավոր է լուծել։ Լուծող է պետք, զանգող է պետք, այդ հեղինակությունն ունեցող է պետք։

«Չկա այդ ծրագիրը»

Հարց-Կորոնավիրուսային ճգանաժամն ավարտվում է, շարունակվում է սոցիալական, տնտեսական ճգնաժամը։ Դրանից դուրս գալու ելքն ինչպե՞ս եք տեսնում։

Ռոբերտ Քոչարյան-Այսօր արդեն պետք է ծրագիր լինի, թե ինչ ենք անելու տնտեսությունը վերականգնելու համար։ Այսօր խոսքը պետք է առաջին հերթին գնա եղածը փրկելու մասին։

Երբ ասում են ինչ-որ 30 միլիարդանոց նոր սեգմենտեր և այլն, կարող է մարդիկ կան, որ հավատում են, բայց չեմ կարծում, որ որևէ տնտեսական առումով մեղսունակ մարդիկ կարող են ուղղակի դրան հավատալ։

Չկա այդ ծրագիրը։

Օրինակ, որոշ կուսակցություններ ունեն կոնկրետ ծրագրեր, առաջարկությունները։ Եթե չեմ սխալվում ՀՅԴ-ն ունի։ Կան հայտնի տնտեսագետներ, որոնք անում են այդ առաջարկները, ուղղակի պետք է այս երկրի տնտեսագիտական միտքը կլոր սեղանի շուրջ նստացնել, փորձել բյուրեղացնել մի ծրագիր, որը հնարավորություն կտա հաղթահարել հետևանքները։ Անորոշությունները շատ են։

Պետք է 2-3 հնարավոր սցենարների վերաբերյալ ունենալ ծրագիր, ոչ թե երբ պրոբլեմը դուռը ծեծի, սկսել մտածել՝ ինչ անել։

Պետք է այսօր ունենալ, որով կարող է երկիրն առաջ շարժվել։ Դա հսկայական, մեծ, ինտելեկտուալ որոշակի էներգիա, ռեսուրսի ներդրում է պահանջում։ Պետության ֆունկցիան դա է, որ պետությունը պետք է մի քիչ հեռուն նայի, հեռուն մտածի։

Կա նաև մեկ այլ մոտեցում՝ դե ժողովրդին հույս տանք։ Հիմա ինչ- որ չափով երևի աշխատում է։

Հարց.- Դեմոգրաֆիայից խոսեցիք, կուզենայի որպես պետությունը կառավարած մարդ ասեք՝ այս ոլորտը պետությունը կկարողանա՞ որևէ կերպ շտկել։ Անցած տարի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Լոռու մարզը բնական հավելաճ չի ունեցել, այսինք մահերն ավելի շատ են, քան ծնունդները։

Պետությունն անելիք ունի՞, կարո՞ղ է նպաստել դեմոգրաֆիական վիճակի վրա։

Ռոբերտ Քոչարյան.-Այո։ Ուղղակի մենք փորձենք հասկանալ՝ աշխարհում նման փորձ կա, թե ոչ։ Նայեք Իսրայելի բնակչությունը ստեղծման պահին և հիմա։ Պատերազմ, թշնամական միջավայր։ Ուրեմն հնարավոր է։ Հարցն այն է, որ դու ուղղակի պետք է այդ նպատակը դնես ու այդ նպատակին հասնելու համար ծրագիր մշակես։

Քանի որ մենք այդ ֆունդամենտալ հարցերում ունենք պրոբլեմներ, մյուս հարցերում պետք է իդեալական լինենք՝ կառավարման արդյունավետություն, հստակ որոշումներ կայացնելու, ճիշտ ժամանակին, արագ գործելու ունակություն, ներքին կազմակերպվածություն։ Ես միշտ համարել եմ, որ մենք, իրոք, կարող ենք այս տարածաշրջանում լինել ամենից կազմակերպված երկիրը։ Մենք պետք է ունենանք ազգային նախագիծ, որի տակ կարելի է շատ բան դնել և հասնել այդ նպատակին։

Մենք չենք հավատում նման հայտարարություններին, որովհետև ընթացքում տեսնում ենք հակառակ ուղղությամբ վատթարացում։

Եթե 3, 4, 5 տարի դրական դինամիկա ունենանք այդ ուղղություններով, սկսելու ենք հավատալ։ Բայց կրկնում եմ՝ պետք է նայել աշխարահում նման փորձ կա, թե ոչ։ Կա։ Եթե կա՝ ինչով ենք մենք պակաս։ Եթե մենք այն գլխից կոմպլեքսավորված ենք և չենք հավատում սեփական ուժերին, չենք հավատում, որ ընդունանք ենք դա անել, ապա այստեղ անելիք չունենք։ Գնա մի մասը Գլենդել, մի մասը մեկ ուրիշ տեղ, այնտեղից հայրենասիրական ինչ որ բաներ խոսեն, միտինգ անեն։ Այդ հնարավորությունը կա, ուղղակի պետք է նպատակաուղղված աշխատել։ Բայց նաև չափազանց կարևոր է ներքին համերաշախությունը։

Չեմ հավատում, որ այս մթնոլորտում որևէ բանի կարելի է հասնել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}