Եթե «X» դատավորին փոխարինի «Y»-ը, բա՞ն է փոխվելու դրանից․ Մելքումյան
«ԲՀԿ-ն չի տառապել ՍԴ անդամի թեկնածուների հետ վիրտուալ հանդիպման մտքից, և այդ հանդիպման չլինելու պատճառով չէ, որ մենք չենք մասնակցելու քվեարկությանը»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամների ընտրության, և ԲՀԿ-ի՝ այդ ընտրությանը չմասնակցելու հարցին։
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկում է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Կառավարությունը՝ որպես ՍԴ անդամի թեկնածու է ներկայացրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին։
Նրա խոսքով, ՍԴ անդամների ընտրությունը դրված է խարխուլ հիմքների վրա, և այդ հիմքերից մեկը սահմանադրական փոփոխությունների նախագիծն է։
«Բայց ինձ հետաքրքրող հանգամանքը հետևյալն է, որ հեղափոխությունից երկու տարի հետո դատական համակարգը չի սպասարկում ո՛չ հանրային և ո՛չ էլ ձեռնարկատիրական շահը։ Այսինքն՝ եղել է հեղափոխություն, ու թեև համակարգային կոռուպցիայի վերացման միտումներ կան, միևնույն է՝ դատական համակարգը, ոնց որ մի կղզի լինի, ու չեմ հասկանում՝ ինչ է կատարվում այնտեղ»,- նշեց պատգամավորը։
Նա նշեց, որ տասնյակ տարիներ շարունակ դատական համակարգում առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր, և դա գաղտնիք չէ, համենայն դեպս, կոռուպցիայի ընկալման աստիճանն, օրինակ «X+Y» չափով է եղել, իսկ հեղափոխությունից հետո իրավապահ կառույցները կտրուկ այդ հարցը դրել են՝ ասելով, որ այդ պրակտիկայի դեպքում քրեական գործեր են հարուցվելու.
«Դրանից հետո ի՞նչ է եղել. դատական վճիռներն ավելի արագ և ավելի նորմա՞լ են ընդունվում։ Ո՛չ։ Ես կարծում եմ, որ դատավորն էլ այսպես է մտածում, ասում է՝ եթե ես պետք է վճիռ կայացնեմ, որից մյուս կողմը տուժելու է, ապա անպայման բողոք է լինելու։ Այդ դեպքում ավելի լավ է ես այդ գործը չքննեմ, քանի որ եթե մյուս կողմը բողոքարկի, ավելի է սրվելու վիճակը, նոր քննություն է լինելու։ Ու այդ գործերը մեռնում են, երկրի հանրային շահն էլ չի սպասարկվում։ Այս դեպքում մոդելը ո՞րն է, ես կուզեի հասկանալ՝ եթե «X» դատավորին փոխարինի «Y»-ը, բա՞ն է փոխվելու դրանից։ Եթե դատական համակարգում կա ընդունված ավանդույթ, հիմա միանգամից վերանալո՞ւ է այն՝ նոր դատավորների գալով, թե՞ նոր վակուում է լինելու։ Եկեք հասկանանք, որ դատական համակարգը խորշում է մյուս կողմի բողոքներից, և այսպես գնում ենք նրան, որ այս երկիրը չզարգանա»։
Ըստ Միքայել Մելքումյանի, նաև դատականան համակարգի ներկայիս վիճակն է պատճառը, որ ներդրումներ ևս ՀՀ-ում չեն լինում։
«Ներդրողն ի՞նչ է սիրում։ Նա փողը բերում է՝ մտածելով, որ եթե պրոբլեմ եղավ, դատի կտա։ Իսկ մեզ մոտ եթե դատի տան, գործը չքննվի, ի՞նչ անեն։ Ինչ վերաբերում է մեզ, ապա, այո՛, մենք հետևողական ենք մեր մոտեցումներում, ուստի չենք մասնակցի այս քվեարկությանը. այս հարցը իրավական և քաղաքական առումով խոցելի է, իսկ մենք հավատարիմ ենք մնում մեր մոտեցմանը»,- եզրափակեց խոսքը Միքայել Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փչացրիք նաև սա. ԼՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամի ընտրությանը. Տարոն Սիմոնյան
- ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ