Արկադի Խաչատրյանը բարձրացրեց կառավարության նախագծի սոցիալական հետևանքների հարցը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը խորհրդարանում հայտարարեց, որ ցանկանում է հստակ իմանալ, թե կառավարությունը ինչպես է լուծելու այն սոցիալական հարցերը, որոնք առաջանալու են «Լիցենզավերման մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ընդունելուց հետո:
Նախագծով կառավարությունն առաջարկում է բացառել շահագործման անվտանգության վկայագրում չստացած գազաբալոններով մեքենաների լիցքավորումը, ինչպես նաև լիցենզավորել մեքենաների վրա գազաբալոններ տեղադրող տնտեսվարող սուբյեկտներին:
Արկադի Խաչատրյանը շեշտեց, որ որևէ մեկը չի թերագնահատում նախագծով ներկայացված անվտանգության հարցերի լուծման կարևորությունը և անհրաժեշտությունը, բայց եթե վկայագրման ժամանակ գազաբալոնի փոխելու պարտավորություն է սահմանվում, այն ինչպես են անելու տասնյակ հազարավոր այն քաղաքացիները, որոնց հին մեքենաների արժեքները համադրելի են գազաբալոնների գներին և այդ տրանսպորտային միջոցը իրենց ընտանիքի միակ եկամուտի աղբյուրն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ հանձնաժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանում մոտ 400 հազար մեքենա կահավորված է գազաբալոնային համակարգով: Վերջինս նաև հայտարարել էր, որ գազաբալոնի տեղադրումն արժի 200 հազարից 900 հազար դրամ:
Պատգամավորը հարց ուղղեց կառավարության ներկայացուցչին՝ եթե պարզվի, որ 400 հազար մեքենայից 300 հազարը նման խնդիր ունի, ինչպես է այն լուծվելու՝ պնդելով, որ կառավարությունը պետք է հստակ մոտեցումներ ունենա այդ դեպքերի համար:
Արկադի Խաչատրյանը գտնում է, որ վկայագրման պարտադրված ծառայության արժեքի վերին շեմ պետք է սահմանվի՝ դրա ինքնարժեքն որոշելուց հետո, որպեսզի գները կամայականորեն չբարձրացվեն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը արձագանքելով պատգամավորին՝ հայտարարեց, որ չվկայագրելն ավելի վատ սոցիալական հետևանքների կարող է բերել և հիշեցրեց, որ այս տարի արդեն գազաբալոնի պայթյունի երեք դեպք է գրանցվել և կա մեկ զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան