Չենք կարող թողնել, որ արհեստական բանականությունը որոշի` ով կդառնա այս կամ այն ՊՈԱԿ-ի տնօրեն. պատգամավոր
«Մենք ձևակերպումը կթողնենք այսպես՝ դիտավորյալ հանցագործությունների համար նախկինում դատված անձը չի կարող դառնալ ՊՈԱԿ-ի տնօրեն»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ իրենք դեմ չեն օրենքի բարելավվմանը, բայց հարցեր կան. օրինակ, անզգուշությամբ դատված քաղաքացին ամբողջապես զրկվո՞ւմ է տնօրենների մրցույթին մասնակցելու շանսից, և արդյո՞ք հանձնաժողովներն են շարունակելու որոշում ընդունել, թե՞ համակարգչային քննություն է լինելու՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար։
Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, ապա Վարազդատ Կարապետյանն ասաց, որ գրավոր քննությունը միանշանակ պետք է լինի համակարգչային, բայց բանավոր քննությունը ևս շատ կարևոր է, և այդ դեպքում պետք է մարդուն անպայման լսել.
«Չենք կարող ամեն ինչ սարքել մեխանիկական, և թողնել, որ արհեստական բանականությունը որոշի, թե ով կդառնա այս կամ այն ՊՈԱԿ-ի տնօրեն։ Մենք պետք է հանձնաժողովներում ներառենք հեղինակավոր մարդկանց, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն»։
Արձագանքելով՝ Միքայել Մելքումյանը շեշտեց՝ այո, պետք է կոմպետենտ անձինք լինեն հանձնաժողովներում։
«Ցավոք, մեր իրականությունում հակառակն է. այդ հանձնաժողովներում գերակշռում են ոչ կոմպետենտ, ոչ իրազեկված և ոչ հեղինակավոր անձինք»,- նշեց նա։
Վարազդատ Կարապետյանն էլ, շարունեկելով Միքայել Մելքումյանի միտքը, նշեց, որ խորհրդարանը պետք է օգնի Կառավարությանը՝ ներկայացուցչական հանձնաժողովներ մշակելու հարցում. «Վստահ եմ, որ մենք կունենանք կոմպետենտ հանձնաժողովներ»։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «ՊՈԱԿ-ների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։