Գլխավոր դատախազը գրություն է հասցեագրել նախաքննական մարմինների ղեկավարներին
Գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ որոշ դեպքերում արգելանքի տակ գտնվող մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, կամ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման ընթացքում վերջիններիս կողմից դատարանում արվում են հայտարարություններ ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, ինքնախոստովանական կամ հանցակցին մերկացնող ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից նշում են, սակայն միջնորդությունների քննարկմանը մասնակից քննիչների կողմից այդ հայտարությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, փոխարենը այդ անձանց առաջարկվում է հայտարարությունների կապակցությամբ հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններին։
Օրինակ՝ ՀՀ ՔԿ-ում քննված քրեական գործով 2019թ. օգոստոսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք առաջադրված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության դատական քննության ժամանակ մեղադրյալը հայտարարել է, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից գործադրվել է բռնություն, ինչպես նաև բռնություն է գործադրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնում` հետաքննիչի կողմից: Դրա վերաբերյալ հայտարարություններ է կատարել նաև մեղադրյալի պաշտպանը:
Դատարանը վարույթն իրականացնող մարմնի ուշադրությանն է հրավիրել մեղադրյալի և պաշտպանի կողմից արված հայտարարություններում ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու մասին տվյալների վրա։ Միջնորդության քննարկման ժամանակ հիշյալ գործով վարույթն իրականացնող քննիչը բավարարվել է մեղադրյալին և պաշտպանին պարզաբանելով, որ ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների վերաբերյալ կարող են հաղորդում ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Դատախազությունից նշում են՝ ավելին՝ մեղադրյալը և վերջինիս պաշտպանը ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարություններ են կատարել հետագայում՝ նաև երկու ամիս անց դատարանում մեղադրյալի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության դատական նիստին՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել և որ այդ մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ՀՔԾ:
Որոշ դեպքերում անձանցից բացատրություն վերցնելիս, հարցաքննելիս, վերջիններս հայտնում են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի, բռնության վերաբերյալ տեղեկություններ, բայց այդ տվյալները տևական ժամանակ չեն փոխանցվում իրավասու մարմինների քննարկմանը։
«Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել համապատասխան նախաքննական մարմինների ղեկավարներին՝ անհրաժեշտ համարելով ձեռնարկել գործուն միջոցներ նման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ենթակա ծառայողներին հանձնարարել դատավարության մասնակիցների կողմից արված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն անհապաղ փոխանցել դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազներին՝ իրավասու, անկախ մարմնի քննարկմանը ուղարկելու, այդպիսով խոշտանգման, պաշոնեական լիազորությունները բռնության զուգորդմամբ անցնելու դեպքերով օպերատիվ քննության արդյունավետության վտանգումը բացառելու համար»,-տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ