Սարամեջի 46 մլն դրամ բյուջեից 30 մլն-ը ծախսվում է համայնքապետարանի վրա
Սարամեջ համայնքի մի խումբ բնակիչներ օրեր առաջ մազպետ Անդրեյ Ղուկասյանին ներկայացրել են իրենց բողոքը՝ կապված համայնքային մի շարք խնդիրների հետ, իրենց դժգոհությունը նաև՝ համայնքապետի և ավագանու ոչ ռացիոնալ աշխատանքի վերաբերյալ:
Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, գյուղ այցելած Ա. Ղուկասյանը նկատել է՝ համայնքում իրականացվում է ոչ արդյունավետ կառավարում. համայնքի տարեկան բյուջեն շուրջ 46 մլն դրամ է, որից 30 մլն դրամը ծախսվում է համայնքապետարանի կառավարման ապարատի վրա:
Համայնքում յուրաքանչյուր տարի առավելագույնը մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, մինչդեռ Ա. Ղուկասյանը համայնքի բնակիչներին վստահեցնում է, սեփական միջոցները արդյունավետ կառավարելով՝ համայնքային բյուջեից սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կարելի է յուրաքանչյուր տարի ներդնել 18-20 մլն դրամ, իսկ այդ գումարը պետությունը պատրաստ է կրկնապատկելու և եռապատկելու։
Սարամեջ համայնքում, ինչպես նշել են բնակիչները, ոռոգման համակարգի կառուցման, ճանապարհի բարեկարգման, նոր կառուցված թաղամասի գազաֆիկացման, ինչպես նաև մանկապարտեզի կառուցման անհրաժեշտություն կա:
Մարզի ղեկավարը հորդորել է համայնքի ղեկավարին և ավագանուն. համայնքում մասնակցային կառավարում իրականացնել, բնակիչներին հանգամանորեն ներկայացնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Նրանց հետ համագործակցությամբ նաև որոշել համայնքի ամենառաջնային խնդիրները և ներկայացնել հաջորդ տարի սուբվենիցոն ծրագրերով իրականացնելու համար: Համայնքի բնակիչներին էլ մարզի ղեկավարը խորհուրդ է տվել լինել ավելի նախաձեռնող և պահանջատեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ