Մի ողջ տարվա ջանք է դրվում մեկ բառի համար, որպեսզի դիվանագիտական ֆրոնտում հաղթանակներ լինեն. Աբրահամյան
Որպես Եվրանեսթ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար վերջին օրերին ամենժամյա կապի մեջ եմ Եվրախորհրդարանի եւ ԱԼԳ երկրների պատգամավորների հետ, որոնցից ոմանք հրապարակային դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, Թուրքիայի ներգրավվածության մասով լուրջ մտահոգություններ հայտնել, շատերն էլ ներքին աշխատանք են իրականացնում խնդիրը բարձրացնելու համար, սակայն հրապարակային չեն խոսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Աշխատանք եմ տանում նաեւ նախկին գործընկեր միջազգային լրագրողների հետ, որոնց շնորհիվ նաեւ աշխարհը սկսեց հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։
Երեկ արդեն, երկար ջանքերից հետո դիվանագիտական ֆրոնտում մի քանի հաղթանակներ արձանագրվեցին։
Բարդ ու չերեւացող աշխատանք է տարվում բոլոր պատասխանատուների կողմից, հաճախ մի ողջ տարվա ջանք է դրվում մեկ բառի համար, որի մասին հետո որեւէ մեկը չի էլ իմանում, քանի որ մարտավարական իմաստով լուռ հաղթանակն առավել կարեւոր է այս ոլորտում»,- գրել է նա։