Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, այն կվարվի հատուկ ընթացակարգով
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Օրակագրում երկու հարց է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» և հարակից օրենքների փաթեթում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն տեղեկացրեց, որ Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծերը քննարկել և ընդունել հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ օրակարգային հարցերը հատուկ ընթացակարգով քննարկելու համար հիմք է հանդիսացել դրանց հրատապությունը։
«Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում ռազմական դրություն է հայտարարվել, սահմանվել են դրա ժամանակ կիրառվող միջոցառումները, ինչպես նաև տարբեր ազատությունների սահմանափակումները։ Բայց ռազմական դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների խախտման համար ոչ բոլոր դեպքերում է անձը պատսխանատվության ենթարկվում։ Մինչդեռ, կարևոր է պատասխանատվության միջոցների ներառումը, քանի որ դրանով հնարավոր կլինի ռազմական դրության իրավական ռեժիմը արդյունավետ պահել։
Երկրորդ հարցի մասով հարկ է նշել հետևյալը, որ ռազմական դրություն մտցնելուց հետո հայտարարվել է մինչև 55 տարեկան պահեստոզորայինների զորահավաքային զորակոչ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ ու լրացումներ կատարել «Աշխատանքային օրենսգրքում», որպեսզի աշխատանքային հարաբերություններն ամբողջությամբ կարգավորված լինեն»,- նշեց նա։
Նրա խոսքով, կարևոր է, որ զորակոչված պահեստազորայինի աշխատատեղի պահպանման երաշխիք լինի՝ ամրագրված օրենքով։