Ուղերձը հանուն հայրենիքի հաղթելը պետք է լինի, ոչ թե՝ զոհվելը. Աննա Կոստանյան
«Թշնամին ինչպես երեկ, այսօր և միշտ, և երբեք չի փոխվում, միշտ նույնն է ու չի էլ փոխվելու: Բոլոր նրանց համար, ովքեր դեռ կարծում են ու սին հույսեր են տածում, թե կառուցողական փոխզիջման միջոցով լեզու են գտնելու մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողի հետ՝ ամենաքիչը, որ կարող եմ անել՝ ցավալն է այդպես կարծողի համար»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:
Պատգամավորի խոսքով, այսօր չեն կարող խոսել ճկուն կառուցողականությունից, երբ շատ հստակ գիտեն, որ Ադրբեջանը պատրաստ չի եղել ու հիմա էլ պատրաստ չէ փոխզիջման, ուստի ինչպե՞ս են հայտարարում հայ ժողովրդի՝ այն էլ ցավոտ փոխզիջումների պատրաստակամության մասին:
Նրա խոսքով, հայկական կողմը ագրեսորի հետ փոխզիջումների մասին այս իրավիճակում խոսելու իրավունք չունի:
«Մենք 90-ականներն անցած արցախյան գոյամարտում թրծված, հաղթանակած պետության սերունդն ենք և պետք է խոսենք բացառապես հաղթողի դիրքից, ոչ մի դեպքում՝ պարտվածի ձայնով: Հայ ժողովրդին՝ մեծից փոքր, ջահել ու ահել, մեր ու մանուկ հարցրե՞լ ենք արդյոք, թե պատրաստ են որևիցե փոխզիջման, հետն էլ ցավոտ: Ինչի՞ դիմաց: Իսկ որդեկորույս մայրերը, հայրերը, քույրերը ու եղբայրները պատրաստ են արդյոք հայրենի հողի վրա թափված զավակի արյունը կորցնել ու՝ հանուն ինչի»,- հայտարարեց պատգամավորը:
Կոստանյանը հարցադրումներ հնչեցերց, թե փոխզիջում բառը լսող մարտիկն ինչպե՞ս կարող է կռվի գնալ, հիվանդանոցում կյանքի ու մահվան կռիվ տվող տղաներին հարցրել ե՞ն, իսկ մարտի դաշտում հայրենիքի փրկության գործը կիսատ չթողած հավատն աչքերում ընկած հայի հոգու առաջ պատասխան տալո՞ւ են:
Աննա Կոստանյանը հայտարարեց, որ պատերազմի մասնակիցների թերությունների մասին հրապարակավ խոսելու կամ պարսավանքի ենթարկելու փոխարեն կան օրենքով սահմանված պատասխանատվության շատ հստակ միջոցներ, որոնք կարող են կիրառել պետության դեմ դավաճանական կամ կասկած հարուցող քայլ կատարած անձի նկատմամբ, բայց դրա մասին բնավ էլ պարտադիր չէ ի լուր աշխարհի խոսել:
«Դավաճաններ պետք է փնտրել լուռ, ոչ հրապարակավ, որովհետև դավաճաններ ունենալու միտքը միայն հուսալքում և կոտրում է հաղթական ոգին: Մարդկանց մեղադրելն էլ շատ հեշտ է և մեղադրանքներով ցայսօր դեռ խնդիրներ չեն լուծվել:
Այսօր մեր միակ ուղերձը, որ պետք է հղենք՝ հանուն հայրենքի հաղթելը պետք է լինի, ոչ թե՝ զոհվելը: Յուրաքանչյուր ընկած զինվորի արյունը մեզ պետք է նոր ոգով մարտնչելու, հաղթելու դրդի, և ոչ մի դեպքում՝ թուլության, հուսահատության, կամ հանձնվելու»,- եզրափակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ