Քանի դեռ հրադադար չկա, բանակցությունները չեն կարող արդյունավետ ստացվել. Մարուքյան
«Ուզում եմ դիմել արտերկրում ապրող մեր բնակիչներին և կոչ անել՝ լինել հնարավորինս շատ զգույշ և չտրվել թուրք-ադրբեջանական որևէ սադրանքի»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքին, երբ թուրք սադրիչը մուրճով հարվածել էր խաղաղ հայ ցուցարարի գլխին, որից հետո երեկոյան ուշ ժամի Ֆրանսիայի մի քանի խոշոր քաղաքներում թուրքերը դուրս էին եկել փողոց՝ հայեր փնտրելու։
Պատգամավորի խոսքով, չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից այլ վայրեր տեղափոխել, ուստի պետք է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել բախումների.
«Այո, պատերազմի մեջ ենք, և այն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը, որը կա դրսում»։
Պատգամավորը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Հարց. Դուք դիմել էիք վարչապետին՝ անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հետ կապված, որևէ արձագանք ստացե՞լ եք։
Է. Մարուքյան. Որևէ արձագանք չենք ստացել։
Հարց. Ինչպես տեսնում ենք՝ հրադադարի ռեժիմն այդպես էլ չի աշխատում, որքան էլ որ Մինսկի խմբի համանախագահ երկրները փորձեցին միջնորդել։ Հիմա այսօրվա Ժնևի հանդիպումից որևէ լուրջ ակնկալիք կարելի՞ է ունենալ։
Է. Մարուքյան. Որքանով որ հասկանում ենք, Ժնևի հանդիպումը հրադադարի համար չէ, այլ բանակցությունների ինչ-որ սկիզբ է, կամ փորձ։ Պետք է ասեմ հետևյալը՝ խորհրդարանական ուժերը որևէ ձևով որևէ խողովակով տեղեկացված չեն՝ ինչ է քննարկվելու։ Երեկ եթե հարց ու պատասխան լիներ, միգուցե իմանայինք։ Մենք տեղյակ չենք, թե ինչ են բանակցելու Ժնևում, հետևաբար չենք կարող ասել՝ ինչ ենք ակնկալում։ Մեծ հաշվով որևէ բան չեմ էլ ակնկալում, քանի որ քանի դեռ հրադադար չկա, բանակցությունները չեն կարող արդյունավետ ստացվել։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում կոտրել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակը
- Ո՞ւր եք հայեր․ Լիոնում գիշերը հարյուրավոր թուրք ազգայնականներ դուրս են եկել հայեր գտնելու
- Ժնևից առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ