CBN News. Հայերը բախվում են գոյության սպառնալիքի
CBN News-ի լրագրողն Արցախում դարձել է պատերազմական հանցագործությունների ականատեսը, տեսել է, թե ինչպես են ադրբեջանական հրթիռները թիրախավորում հիվանդանոցներն ու տները։
«Եթե դուք ուզում եք տեսնել, թե ինչի է նման ռազմական հանցագործությունը, ապա Լեռնային Ղարաբաղում կգտնեք դրանք։ CBN News-ն ականատես է եղել, թե ինչպես ադրբեջանական հրթիռները վայրէջք են կատարել հիվանդանոցի վրա։ Հիվանդանոցի մի թևը գրեթե պատրաստ էր բացվել։ Այն որևէ ռազմական թիրախի մոտ չէր։ Դա չէր կարող պատահականություն լինել։ Շատ ակնհայտ է, որ Ադրբեջանի զինուժը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները»,- գրում է աղբյուրը։
Հայերն այս կռիվը գոյամարտ են համարում, որը սպառնում է նրանց գոյությանը։
«Նրանք ցանկանում են օկուպացնել մեր տարածքներն ու դրանք զտել հայերից։ Այստեղ բնակիչների ավելի քան 99 տոկոսը հայեր են, նրանք քրիստոնեական ամենահին համայնքներից մեկն են։ Մենք այստեղ ենք, քանի որ դրանք մեր պատմական հողերն են։ Մենք ցանկանում ենք ապրել այստեղ, մենք ցանկանում ենք իմանալ մեր պատմությունը։ Մենք ցանկանում ենք եկեղեցիներ բացել ու աղոթել այստեղ»,- ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Աղբյուրը նշում է, որ Արցախում 150 հազար մարդ է ապրում։ Նրանցից շատերը ստիպված լքել են իրենց տները, սակայն տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ այնտեղ, ապրել նկուղներում ու ապաստարաններում, լսել քաղաքի վրա ընկնող հրթիռների աղմուկը։
83-ամյա Ռոզայի տունն էլ ադրբեջանցիների կրակի թիրախ է դարձել, մինչդեռ այն ռազմական որևէ օբյեկտի հարևանությամբ չէ։
«Սա ևս մեկ ապացույց է Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանի կողմից քաղաքացիական շրջանները ռմբակոծելու մասին։ Տիկին Ռոզան ասում է՝ իր ողջ մնալու փաստը պակաս հրաշք չէ»,- նշել է աղբյուրը։