Եթե իշխանությունը կարդար նախագահ Քոչարյանի գիրքը, պատկերացում կունենար հող գրավելու, հողը պահելու մասին. Կոչուբաև
«Կարծում եմ՝ դեկտեմբերի 14-ին, կունենանք դրական ելքով վճիռ և գովազդի թույլտվությունը, այնուամենայնիվ, կբավարարվի»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողներին ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։
Հարցին՝ ինչո՞ւ են այս գործով դատական նիստերը հետաձգվում, նա պատասխանեց, որ սոսկ իրավական տեքստերով բացատրել անհնար է այն, ինչ որ տեղի է ունեցել անցնող 2,5 տարում նախագահ Քոչարյանի նկատմամբ:
«Այսօր երբ Արցախի կապիուլյացիան այլևս իրողություն է, ամբողջանում է այն պատկերը, թե ինչու էր նախագահ Քոչարյանը ենթարկվում քրեական հետապնդման, տեղեկատվական տեռորի, անգամ արգելվում էր նրա գրքի տարածումը, գովազդումը, մարքեթինգային արշավը: Դա արվում էր նախագահ Քոչարյանին գործընթացներից մեկուսացնելու համար, որպեսզի Արցախն անցնցում հանձներ Ադրբեջանին։ Այս առումով և քրեական գործը, և տեղեկատվական արշավը, և գրքի գովազդի արգելքը հենց դրա հետևանքն ու արդյունքն են»,- ասաց նա։
Ալեքսանդր Կոչուբաևի կարծիքով, եթե իշխանությունը հաղթահարեր իր վախերը և կարդար այդ գիրքը, հստակ պատկերացում կունենար և բանակցային գործընթացի, և հող գրավելու, և հողը պահելու մասին։
«Սակայն, քանի որ նրանք բացառիկ ատելությամբ էին լցված նախագահի նկատմամբ և դա դրսևորվում էր գրեթե բոլոր բնագավառներում, ունենք այն, ինչ ունենք: Սա արվում էր, որպեսզի նախագահ Քոչարյանը որևէ ձևով չմիջամտի գործընթացին։ Եթե նախագահ Քոչարյանն այդ ամբողջ փուլում գտնվեր ազատության մեջ, վստահ եմ՝ այսօր կունենայինք բոլորովին այլ իրողություններ»,- ընդգծեց Կոչուբաևը։
Նա վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը գովազդվելու է:
«Այս իշխանության հեռանալն անխուսափելի է, և ուզեն, թե չուզեն փողոցներում տեսնելու են Ռոբերտ Քոչարյանի գրքի պաստառը: Նրանք չունեն հենքը, գաղափարական մանիպուլյացիայով սնվող հասարակությունը, որը պատրաստ էր ուտել իշխանական կտերը և կերակրվում էր դրանով։ Այս իշխանությունը դավաճանական իշխանություն է, օր առաջ պետք է հեռացվի։ Կարծում եմ, այնուամենայնիվ, Հայաստանը կունենա իրավական դաշտում գործող իշխանություն: Կարծում եմ՝ իշխանությունից շատերը գտնվեն ազատազրկման մեջ և առիթ չեն ունենա տեսնել նախագահ Քոչարյանի գրքի գովազդի շապիկը, սակայն այն, որ գիրքը գովազդվելու է, գոնե ինձ համար ակնհայտ է»,- ասաց պաշտպանը։
Այսօրվա նիստին դատարանը գործի քննությունը համարել է ավարտված, դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:
Նշենք, որ գրքի գովազդման թույլտվություն չստանալուց հետո «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո է դիմել «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի իրավատերը, և հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը նույնպես դիմել է դատարան, և մերժում ստանալուց հետո դիմել է Վարչական դատարան։
«Սփեյս Մենեջմենթ» ընկերությունը օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի վկայակոչմամբ, ներկայացրել է նշված հայցադիմումը և խնդրել պարտավորեցնել պատասխանողներին 08.07.2019 թվականի դիմումի հիման վրա տրամադրել օրենքով նախատեսված գովազդի թույլտվությունը։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 24-ին կկայանա «Կյանք և ազատություն» գրքի դեմ իշխանության գործողությունների վերաբերյալ դատական նիստը. Ալեքսանդր Կոչուբաև
- Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատաքննություն նշանակվեց
- Հայկ Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը
- Ռոբերտ Քոչարյանի ու Փաշինյանի գրքերը՝ «Բուկինիստ»-ի բեսթսելերի տասնյակում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ