Բայդըն․ Այս թիմն արտացոլելու է Ամերիկան հետ բերելու, աշխարհում որոշիչ դերը վերստանձնելու մեր խոստումը
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընն արդեն հայտարարում է արտաքին ու անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոններում իր նշանակումների մասին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Այս թիմն արտացոլելու է Ամերիկան հետ բերելու, աշխարհում որոշիչ դերը վերստանձնելու, այլ ոչ թե նահանջելու մեր խոստումը»,- հայտարարում է Բայդընը:
Սենատի կողմից հաստատում ստանալուց հետո Պետդեպարտամենտի նախկին երկու պաշտոնյաներ, որոնք ծառայել են Բարաք Օբամայի վարչակազմում, կզբաղեցնեն դիվանագիտական բարձրագույն պաշտոնները: Պետքարտուղարի նախկին տեղակալ Էնթընի Բլինքենը պետքարուղարի պաշտոնում Բայդընի ներկայացրած թեկնածուն է: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում է Բայդընն ուզում տեսնել Լինդա Թոմաս Գրինֆիլդին, որը եղել է աֆրիկյան հարցերով փոխպետքարտուղարը:
«Ամերիկան հետ է վերադառնում, բազմակարծությունը հետ է գալիս ԱՄՆ, վերադառնում է իսկական դիվանագիտությունը»,- ասում է Գրինֆիլդը:
Պատմական դաշինքները և բազմակողմանիությունը վերականգնելու Բայդընի ձգտումը շրջադարձ է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, որն ուղորդվում էր «Նախ և առաջ` Ամերիկան» սկզբունքով:
Ինչպես Բրուքինգզի հաստատությունից Ջոն Հուդաքն է ասում, «Սա մի կարևոր ուղերձ է աշխարհի ոչ միայն ժողովրդավարական երկրների առաջնորդներին, այլ նաև բռնակալներին, որոնց նկատմամբ Թրամփի վերաբերմունքը եղել է շատ հակասական»:
Իր նոր վարչակազմը կազմելիս, Բայդընը հաշվի է առնում նաև բազմազանությունը: Սենատում հաստատվելու դեպքում, հետախուզական գործակալություննեը կգլխավորի այս պաշտոնում առաջին կինը` Ավրիլ Հայնեսը, Ջանեթ Ելենը կդառնա ֆինանսների առաջին կին նախարարը, ներքին գործերի նախարարությունն առաջին անգամ կղեկավարի լատինամերիկյան ծագումով Ալեհանդրո Մայորկասը:
43-ամյա Ջեյք Սուլիվանը կգրանցվի որպես անվտանգության հարցերով մինչ այժմ ամենաերիտասարդ խորհրդականը: Նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, որը ժամանակին մեծ դեր ունեցավ կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը կազմելու գործում, կղեկավարի կլիմայական փոփոխության դեմ Բայդընի պայքարը: Նպատակն ԱՄՆ-ը նորից այս պայմանագրի անդամ պետությունների կազմում ընդգրկելն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան