Քաղաքացիները կկարողանան հին նմուշի անձնագրեր ստանալ մինչև 2022 թվականի հունվարի մեկը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օերենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով, նախագծի նպատակն է հին նմուշի ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի մեկը՝ ներկայում հաստատված 2021 թվականի հունվարի մեկի փոխարեն։
«Կենսաչափական անձնագրեր մատակարարող լեհական PWPW ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը 2017 թվականի հունվարի մեկին ավարտվել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր դեռևս կնքված չէ։ Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա նոր պայմանագիր կնքել և անխափան կազմակերպել ՀՀ քաղաքացիներին փաստաթղթերի տրամադրման գործընթացը»,- ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խնդրեց հստակեցնել՝ արդյո՞ք նախագիծն այն մասին է, որ 2021 թվականից պետք է ամբողջությամբ անցում կատարվեր կենսաչափական անձնագրերին, և դա արժեր 25 հազար ՀՀ դրամ, բայց հիմա այս նախագծով առաջարկվում է, որ այդ անցումը ևս մեկ տարի հետաձգվի, և քաղաքացիները 1000 դրամ վճարելով կարողանան սովորական անձնագիր ստանալ։
Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Արա Ֆիդանյանն ասաց՝ այո.
«Առաջարկվում է մեկ տարով երկարացնել սովորական անձնագրերի տրամադրման ժամանակահատվածը»։
Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրեց, թե արդյո՞ք 2022 թվականին հնարավոր կլինի ի վերջո կանոնակարգումն ուժի մեջ մտցնել, քանի որ անդադար ձգձգվում է կենսաչափական անձնագրերին անցում կատարելու գործընթացը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արա Ֆիդանյանն ասաց, որ հարցը բավականին խնդրահարույց է։
«Պետք է զեկուցեմ, որ արդեն իսկ ձևավորվել է հանձնաժողով, տեխնիկական բոլոր լուծումներն արդեն իսկ կան։ Հետաձգումը պայմանավորված է երկրում առկա իրավիճակով։ Վստահ եմ, որ մինչ 2022 թվականի սկիզբ, մենք արդեն կունենանք բիոմետրիկ անձնագրերի հրատարակման կարողություններ և հնարավորություններ»,- եզրափակեց խոսքը Արա Ֆիդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ