Ալիևը՝ Մինսկի խմբին. Ձեզ Բաքու չեմ հրավիրել, եթե ասելիք ունեք, ասեք տեսախցիկների առջև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքու չի հրավիրել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ համանախագահները Բաքու այցելել են այսօր, նրանց ընդունել է Իլհամ Ալիևը։
«Այստեղ՝ Բաքու գալը եղել է ձեր գաղափարը։ Ես դա կարող եմ մեկ անգամ էլ ասել տեսախցիկների առաջ։ Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չեղա։ Միգուցե նրանք ասելիք ունեն ինձ։ Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների դիմաց, ասեք։ Եթե չէ, ես խնդրում եմ, գնացեք։ Լսում եմ ձեզ»,- Ալիևի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունը վկայակոչում է «Ռիա Նովոստի»-ն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կժամանեն վաղը՝ դեկտեմբերի 13-ին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ Երևան կժամանի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։