Եթե Նիկոլ Փաշինյանը պայքարում է, ուրեմն դեռ բան ունի տալու թուրքերին. քաղաքացի
Խորհրդարանի մոտ շարունակվում են ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։
Քաղաքացիները նշում են, որ մասնակցում և մասնակցելու են ակցիաներին, քանի որ այլ տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումը, չեն տեսնում։
«Ես այս պահին չգիտեմ, թե ոնց կհնչի խոսքս, բայց որպես զինվոր պատրաստ եմ կատարելու այն ամենը, ինչ կասեն ակցիայի կազմակերպիչները, քանի որ այս իրավիճակում ապրելու ապագա ես չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դիտարկմանը, որ չնայած քաղաքացիների իրականացրած անհնազանդության ակցիաներին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է հարցազրույցներ տալ և նոր մեղավորներ փնտրել, քաղաքացին արձագանքեց՝ ասելով, որ երեկվա հարցազրույցի առաջին վեց րոպեն բաց է թողել։
«Ու ճիշտն ասած այնքան դեղ եմ խմել, որ չվատանամ։ Նմանատիպ մտքեր արտահայտելն այնքան տարօրինակ ու ցավալի է։ Մի հասարակ բան ասեմ, էլի։ Համար առաջին պատասխանատու է իրեն համարում, բայց ոչ համար առաջին մեղավոր։ Լավ, համար առաջին մեղավորը չես, երկրորդն ես։ Եթե համարենք, որ առաջինն, օրինակ՝ «Սորոսի» հիմնադրամն է, ապա երկրորդ մեղավորն էլ դու ես, ինչո՞ւ ես խուսափում դրանից։ Կամ ասում է՝ որտեղի՞ց Սերժ Սարգսյանին վեց միլիարդ գումար, որ Ալիևի խոստացած հինգ միլիարդի դիմաց ինքն առաջարկել է. հարցի էությունը հանում է, խոսում է գումարից։ Բայց էությունն այն է, որ նա մերժել է հող տալ»,- նկատեց քաղաքացին։
Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրավիճակին՝ քաղաքացին նշեց, որ եթե մինչ օրս դեմարկացիան ավարտված չէ, ապա ինչո՞ւ է թույլ տրվում, որ թշնամին մտնի Սյունիքի գյուղեր։
«Հանձնաժողով ձևավորեիք, գնայիք այդ գյուղեր, ոչ թե տայիք մեր շահեկան դիրքերը։ Կամ, որ ասում է՝ դիրքեր զիջելով Սյունիքի անվտանգությունն է ապահովում, դուք պատկերացնո՞ւմ եք։ Որ հիմա թուրքին բերեք իմ կողքին կանգնեցնեք, ես ավելի անվտանգ կլինե՞մ։ Ես չեմ հասկանում։ Կամ, որ պետական այրերն ասում են՝ Գորիս-Կապան հատվածի չորս կիլոմետրը արագ կանցնեք, որ գերի չընկնեք, կամ ընկնելուց էլ այսինչ համարով զանգեք, դա ո՞նց հասկանանք։ Այսինքն՝ Սյունիքով անցնելու համար ես իմ անվտանգությունը հենեմ արագության վրա՞»,- նշեց նա։
Քաղաքացու խոսքով, Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթն ու հարցազրույցն իր մոտ կրկնակի, եռակի հիասթափություն է առաջացնում.
«Ո՞նց կարող է մարդը նման մակարդակի իջնի, հատկապես այն մարդը, ում ես հավատում էի»։
Ակցիայի մասնակիցը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը պայքարում է, ուրեմն դեռ բան ունի տալու թուրքերին։
«Դեռ բան ունի անելու։ Դուք տեսաք՝ ինչ եղավ նոյեմբերի տասից հետո։ Ինքն այդ օրը՝ նոյեմբերի տասին, երկու տարբերակ ուներ, կա՛մ պետք է ներողություն խնդրեր ժողովրդից ու հրաժարական տար, կա՛մ պետք է ինքնասպան լիներ՝ ինչպես բոլոր պարտվող գեներալները»,- կարծիք հայտնեց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- «Բռնե՛ք շիշը». միջադեպ իմքայլական Հայկ Սարգսյանի և քաղաքացու միջև
- Ոչնչությունից ոչինչ սպասել չի կարելի. Նիկոլ Փաշինյանը զրո է. Խաչիկ Գալստյան
- Իմքայլականները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը