Մոսկվան չի հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելուց. Զախարովա
Մոսկվան չի հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ երկխոսությունից և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելուց, բայց համաձայն չէ, որ հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լինի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքը։
«Մենք համաձայն ենք այն թեզի հետ, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անհրաժեշտ է երկխոսություն, և որ դա պահանջում է փոխըմբռնում: Իսկապես, մենք դաշինքի մշտական ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստ գումարելու հնարավորությունը: Բայց տարօրինակ է, որ Յենս Ստոլտենբերգին այնպես է թվում, կարծես մենք չենք արձագանքել այս հրավերին»,- ասել է Զախարովան:
Դիվանագետը հավելել է, որ իրենց կրկին ասաել են՝ հանդիպման հիմնական թեման պետք է լինի Ուկրաինան։
Զախարովան նշել է, որ դաշինքը կարող է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը ստանալ Նորմանդիայի ձևաչափի մասնակիցներից` Ֆրանսիայից և Գերմանիայից, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է, որ Մոսկվան չի հրաժարվում դաշինքի հետ երկխոսությունից՝ հրատապ հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, ռազմական լարվածության թուլացումը: