Արցախի նախագահն ու Արա Այվազյանը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման հարցերը
Հունվարի 5-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Այվազյանը կարևորել է Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:
Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում են ծավալել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էեն եղել պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում, պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության` իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի հարցերը:
Երկուստեք շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը ստորագրել են ՀՀ և Արցախի ԱԳՆ-ների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան
- Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ