ՊԵԿ-ին մոտավորապես 400 միավոր մարտական զենք է հարկավոր. Արշակ Գասպարյան
ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, որ իրենց գերատեսչությանը մոտավորապես 400 միավոր մարտական զենք է հարկավոր Մաքսանենգության դեմ պայքարի, Օպերատիվ հետախուզության, Քննչական և Հետաքննության վարչությունների աշխատակիցներին հատկացնելու համար:
Այդ նպատակով էլ կառավարությունը խորհրդարան է բերել «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ այդ զենքը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
Արշակ Գասպարյանը հայտնեց, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով:
Նրա խոսքով, ՊԵԿ խնդիրներից է՝ Հայաստանի մաքսային սահմանով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով օրենսդրության խախտումների դեմ պայքարը, մաքսային սահմանով թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելը:
Ըստ Արշակ Գասպարյանի, «Զենքի մասին» ՀՀ օրենքով սակայն սահմանված է, որ մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել ՀՀ Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և պետական սուրհանդակային ծառայության սպառազինության մեջ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք»,- հայտնեց Արշակ Գասպարյանը և տեղեկացրեց, որ այդ զենքն արդեն առկա է ՊԵԿ-ում, ուղղակի այն կփոխանցվի Ոստիկանության բալանս, որտեղից էլ նորից կհատկացվի իրենց:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի զինծառյողները հայ վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս. Իվետա Տոնոյանը
- «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմագերիների հարցը ԱԺ-ում քննարկելու առաջարկը
- Աննա Գրիգորյանը երդվեց և ստանձնեց պատգամավորի մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ