Լոքդաունի ընթացքում ՀՀ-ն օրական մինչև 40 մլն դոլարի ՀՆԱ-ի կորուստ է ունեցել. Մելքումյան
«Ես հակված եմ, որ մենք հանձնաժողովում աշխատելու համար լավագույն փորձագետներին գտնենք, որպեսզի կարողանանք լավ վերլուծություն ներկայացնել»,- այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Ըստ պատգամավորի, շատ կարևոր է, որ հասարակությունը տեսնի ու հասկանա՝ կառավարության արած-չարածների հետևանքով ինչ վնասներ է կրել պետությունը։
«Պետք է մարդիկ հասկանան՝ մահերն օրինաչա՞փ էին, թե՞՝ չէ, ո՞նց պետք է աշխատանքները կազմակերպվեին, որ հիվանդության պիկի ժամանակ հիվանդանոցներում տեղ լիներ։ Մենք պետք է այս ամենին գնահատական տանք»,- նկատեց նա։
Ու թեև Միքայել Մելքումյանը նշեց, որ չի ուզում միանգամից քաղաքական գնահատականներ հնչեցնել, բայց իր համար մի բան ակնհայտ է՝ պետական կառավարման համակարգի որակը լավը չէր, ուստի հասկանալի էր՝ պայքարը ինչպես պետք է լիներ։
«Եթե չեմ սխալվում, մարտի 13-ին լոքդաուն եղավ, բայց մինչև մարտի 12-ը քարոզարշավ էր ընթանում։ Ինձ համար անհասկանալի է՝ ոնց է պատահել, որ մինչև վերջին օրը հավաքներ են տեղի ունեցել։ Չկայի՞ն հատուկ ծառայություններ կամ մասնագիտական կառույցներ, որ խորհուրդ տային։ Օրինակ՝ եթե հիմա որոշում են՝ փետրվարի 9-ից բուհերը պիտի՞ անցնեն օֆլայն ռեժիմի, թե՞՝ պետք է շարունակվի հեռավար ուսուցումը, նայում են՝ ինչ խորհուրդ է տալիս ԱՆ-ը։ Բա լոքդունից մի օր առաջ ի՞նչ խորհուրդ էր տալիս նույն ԱՆ-ը, որ հանրաքվեի արշավը գնում էր»,- հարց հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Ըստ նրա, լոքդաունի երկու ամիսների ընթացքում ՀՀ-ն օրական մինչև 40 մլն դոլարի ՀՆԱ-ի կորուստ է ունեցել. «Հիմա դա օրինաչա՞փ էր, թե՞՝ օրինաչափ չէր։ Ես չգիտեմ, դրա համար այստեղ պետք է գնահատականներ լինեն, որոնք անխոցելի կլինեն։ Փաստերը պետք է ճնշող լինեն, որ լղոզված գնահատականներ չլինեն»։
Հարակից հրապարակումներ`
- COVID-ի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. Զոհրաբյան
- Սկսվել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին