Թաքուն ծաղիկ ես դնում այդ տղաների շիրիմներին, որոնց սպանել ես. Գառնիկ Իսագուլյան
«Երեկ աշխարհի չեմպիոնին՝ Իսրայել Հակոբկոխյանին զգետնում էին 5-6 հաստավիզ, բերման են ենթարկում, ձերբակալում»,-ասուլիսում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նկատեց, որ ձերբակալվածներն ընդամենը եղել են Եռաբլուրում և գիտեին, թե ով է այդ զոհերի մեղավորը:
Հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը թուրքի հետ պայմանավորված փող է վերցրել երիտասարդ սերնդին ուղարկել է սպանդանոց՝ Իսագուլյանը շեշտեց. «Թաքուն՝ առավոտ շուտ գնում ես Եռաբլուր, ծաղիկ ես դնում այդ տղաների շիրիմներին, որոնց դու սպանել ես, դու ես մարդասպանը»:
Անդրադառնալով դատարանների վրա ճնշումների դեպքերին՝ նա հիշեց, որ Արամ Սարգսյանը իր եղբոր ամբողջ արածը ջուրն է գցում, երբ առանձնակի խանդավառությամբ Եռաբլուրում հայտարարում էր, որ դատարաններն են մեղավոր, որովհետև բոլորին չեն ձերբակալում:
Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին երկրորդ անգամ սպանեց Վազգեն Սարգսյանին, իսկ Արամ Սագսյանը այնքան տղամարդ չէր, որ գնար եղբոր արձանը փրկեր:
«Դեռ եղբորդ շիրիմը չէր սառել, քեզ վարչապետ էին նշանակել, կառավարության շենքը քյաբաբնոցի ու խորովածանոցի էիք վերածել, աստիճանների վրա լափում էիք»,- Արամ Սարգսյանին դիմեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
Բանախոսը նկատեց, որ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելուց հետո կմեծանա եղած ճնշումը դատավորների հանդեպ և կոչ արեց պատկերացնել այն դատավորների վիճակը, որոնք ստիպված են ձերբակալել Վահան Բադասյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Արագած Ախոյանին:
Ներկայացնելով իր դեմ սկսված դատական գործընթացը՝ Իսագուլյանը տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ոչ միայն ասել է, որ ձերբակալումն օրինաչափ չի եղել, այլ նաև իր կալանքի միջնորդությունն է մերժել՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:
Նա տեղեկացրեց, որ դատախազությունն այդ որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, որի նիստը տեղի կունենա առաջիկայում և դիմեց վճռաբեկ դատարանի դատավորին. «Թույլ չտաք, որ թշնամին, թուրք Նիկոլը, իր թուրքացած ընտանիքով, և իր թուրք կողմնակիցներով ձեզ պարտադրի կայացնել հակաօրինական վճիռներ ու դատավճիռներ»:
Նրա համոզմամբ՝ Նիկոլի Փաշինյանի համար, հայրենիքը, հերոսը, սահմանն արժեք չունեն, նա խնդիր է լուծում և ձերբակալում է նրանց, ովքեր խոսում են պարտության, դավաճանության և հայրենիքի կորստի մասին:
Անդրադառնալով Ռուբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ Իսագուլյանը հայտարարեց, որ անհամեմատելի են վերջինիս և Նիկոլ Փաշինյանի ելույթները:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հիմնավոր ծանրակշիռ դատողություններով է հանդես գալիս, բայց այսօր հայրենիք ծախածը դատում է հաղթածին: