Հայրենիքը դավաճանածները պիտի իրավունք չունենան՝ առանց դիմակի հասարակություն դուրս գալու. Մամիջանյան
«Շատ հաճախ շարժմանը մեղադրում են կտրուկ գործողությունների պակասի մեջ, և փետրվարի 20-ին հայտարարվեց, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք պլան «Բ»-ի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, բայց և այնպես, խնդրի լուծումը հնարավոր է նաև «դավաճանին» սատարողների վրա ներազդելով։
«Եվ ես ուզում եմ, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շարժման մասնակիցներին ասում են՝ եկաք հանրահավաքի ու գնացիք տուն, տեսնեն, թե ինչի ենք մենք հասել նոյեմբերից մինչև այսօր։ Այն փաստը, որ դավաճանը նախ հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, ապա դեմ գնաց դրանց անցկացմանը, այն փաստը, որ որոշ պաշտոնյաներ վախենում են իրենց քիթը դուրս հանել իրենց կաբինետներից, և այն փաստը, որ կա համազգային պահանջ, թե Նիկոլը պետք է հեռանա. սրանք բոլորը շարժման գործողությունների արդյունք են»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանը վստահություն հայտնեց, որ առաջիկա մի քանի հանրահավաքների ընթացքում հասարակության մեջ կվերականգնվի «դավաճանի» տեղը, որը «պլենդուսից» ցածր է։
«Ես ոչ մի դեպքում բռնության կոչ չեմ անում, ևս մեկ քրեական գործ թող չփորձեն վրաս կարել։ Բայց այն մարդիկ, որոնք դավաճանել են հայրենիքը, պիտի իրավունք չունենան առանց դիմակի, առանց թաքնվելու դուրս գալ հասարակություն։
Այսպիսի աննախադեպ դավաճանական քայլից հետո՝ նոյեմբերի 10-ին, եթե Հանրապետության հրապարակում կանգնած էին տարբեր քաղաքական ուժեր, և կար 2000 մարդ, ապա փետրվարի 20-ին Ազատության հրապարակում արդեն 40 հազար մարդ կար։ Դա ձեռքբերում է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլը և իր դավաճանական խումբը զգալու են՝ իրենք Հայաստանում անելիք չունեն. Մամիջանյան
- Իմքայլականները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ. Մամիջանյան