Արցախի ԱԺ-ն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ԱՀ տարածքների իրավական կարգավիճակի մասին
Այսօր՝ մարտի 1-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատական բաժնից։ Օրակարգային հարցերից են եղել՝ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Քննարկվել են նաև Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին հարցերը։
«Խորհրդարանն այսօր ընդունեց հայտարարություն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին: Այն ներկայացրեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:
Այսպիսով մարտի 1-ին հրավիրված արտահերթ նիստն ավարտեց իր աշխատանքերը:
Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ բանասիրարական ֆակուլտետի «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր արտադրական փորձուսուցում են անցնում ԱԺ-ում»,- ասված է ԱՀ խորհրդարանի տարածած հաղրոդագրությունում։
Նշենք, որ ընդունված հայտարարության տեքստում ասված է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ`
• 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա,
• Արցախի Հանրապետությունը 1992-1994թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով,
• Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանային կայունության ապահովման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով,
• Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
1. Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից,
2. Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ