Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին
«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։ Այսօր Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն:
Այս ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի և զրահատեխնիկայի վրա։
Այս կրծքանշանը, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2012 թվականին Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է որպես «Հայոց բանակի պահապան Խաչ»։ Այն Աշոտ Երկաթ թագավորի խաչի կրկնօրինակն է, որը համարվում է պատմական սրբություն։
«Խաչը նախ և առաջ մեզ համար փրկության խորհրդանիշն է: Նաև հաղթանակի նշան է, քանի որ դրանով Աստված հաղթեց չարին:
Խաչը հայերիս համար էլ դարձավ նույն փրկության, հայատևության, հաղթանակի, գոյատևման խորհրդանիշը»,- ասաց հոգևորականը:
Նա շնորհակալություն հայտնեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանին, իսկ սպաներին, զինվորներին մաղթեց, որ խաչը միայն հաղթանակներ պարգևի:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր մեր հիմնադրամով լինել ձեզ նվիրվող խաչերի հովանավորը: Հիմնադրամը միշտ եղել է մեր ագզի, եկեղեցու, բանակի կողքին ու շարունակում է մնալ»,- ասաց Արտակ Թովմասյանը:
Լրագրողների հետ զրույցում Ա. Թովմայսանը նշեց, որ մշտապես աջակցել են Հայոց բանակի տարբեր միջոցառումներ:
«Մեծ պատիվ է այսօրվա դրությամբ՝ մեր երկրում տիրող իրավիճակում, հայկական բանակի, ազգի կողքին լինելը, պատիվ է նաև եկեղեցու առաջարկներին աջակցելը»,- նշեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահը:
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանն ասաց, որ իրենց աղոթքն է, որպեսզի նման հայորդիներ շատ լինեն, ովքեր կանգնած են բանակի, զինվորի, եկեղեցու կողքին:
Քահանան նշեց, որ բազում վկայություններ ունեն, շատ զինծառայողների հետ են խոսել, ովքեր մեծ ոգևորությամբ են կրում խաչը, նաև խաչի նշանը հաճախ դարձել է այն պաշտպանիչ պատվարը, որի շնորհիվ պատերազմի ընթացքում փրկվել են մահվանից:
«Աղոթքի միջոցով ամենակալ Աստծուն խնդրեցինք, որ խաչը, որը քրիստոնյաների համար հաղթանակի, հպարտության նշան է հանդիսացել, այսուհետև մշտապես մեր բանակին առաջնորդի դեպի նորանոր հաղթանակներ, դեպի քաջության, արիության, պատճառ դառնա, որպեսզի մեր կյանքում կարողանանք խաչի նշանն ունենալով պայքարել չարի դեմ, հաղթանակներ տանենք, առաջնորդվենք դեպի Աստված, դեպի մեր սուրբ եկեղեցին, դեպի մեր հայերի հավատքն ու այն ավանդույթները, որոնք փոխանցված են մեզ»,- ասաց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ