Ի՞նչ է արել ԳԱԱ-ն 2020-ին. Հաստատել են հաշվետվության մասին որոշումը
Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության՝ ապրիլի 30-ի նիստում հաստատվել է ԳԱԱ-ի 2020թ-ի գործունեության հաշվետվության մասին որոշումը:
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ 2020թ. Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ծայրահեղ ծանր երկու իրավիճակի առաջ՝ COVID-19 համավարակը և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը:
«Ահռելի կորուստներ կրեց երկրի տնտեսությունը, բնականաբար, խաթարվեց նաև ԳԱԱ համակարգի բնականոն գործունեությունը: Սակայն, ի պատիվ ԳԱԱ համակարգի գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, պահպանվեց պատշաճ մակարդակի գիտական արդյունք ստանալու ավանդույթը, կատարվեցին հիմնարար և կիրառական տարաբնույթ գիտական հետազոտություններ»,- ասել է ակադեմիկոս Մարտիրոսյանը:
Նա ընդգծել է , որ COVID-19 համավարակի տարածման և նրա ազդեցության կանխարգելման 46 ծրագիր է ներկայացվել ՀՀ կառավարություն, որոնցից մի քանիսը կյանքի են կոչվել:
Մասնավորապես, ՀՀ կառավարության առաջադրանքով և ֆինանսական աջակցությամբ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պատրաստել և ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրել 100.000 ախտորոշիչ թեստ: ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի արտադրած «Բիօքսիլ» ախտահանիչ նյութը մեծ կիրառություն է գտել հանրապետության տնտեսության բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ հայկական բանակում:
44-օրյա պատերազմի ընթացքում ԳԱԱ համակարգի գիտնականներն անմիջական մասնակցություն են ունեցել հանրապետության ռազմաարդյունաբերության համակարգի տարբեր օղակների աշխատանքներին:
Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին՝ նշելով, որ ակադեմիայի առաջատար գիտնականները, ինստիտուտներն ակտիվ մասնակցություն են ունեցել Օրենքի նախագծի քննարկմանը և հանդես եկան բազմաթիվ դիտողություններով և առաջարկություններով:
Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի՝ 2020թ. ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպություններն իրականացրել են գիտական և գիտահետազոտական աշխատանքներ 5 նպատակային, 42 բազային, 152 թեմատիկ և 105 տնտեսական պայմանագրային ծրագրերով:
Ստացված արդյունքներով հրապարակվել է 140 մենագրություն և ժողովածու, որից 11-ն՝ արտասահմանում, 15 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, որից 2-ն՝ արտասահմանում, 1893 հոդված, որից 839-ն՝ արտասահմանում և 155 թեզիս, որից 92-ն՝ արտասահմանում:
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը: Նա նշել է, որ ԳԱԱ-ն շարունակում է մասնակցել և իրականացնել տարբեր միջազգային գիտական ծրագրեր, այդ թվում՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC), Եվրոպական համալսարանական կրթության ՏԵՄՊՈՒՍ համաեվրոպական շարունակական (TEMPUS), Հորիզոն 2020 և այլն: ԳԱԱ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են նաև Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների (CRDF Global), Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF), NATO-ի (ՆԱՏՕ), Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) գերմանական Շտիֆտունգ Ֆոլքսֆագեն հիմնադրամի (Volkswagen Stiftung Foundation) և այլ հիմնադրամների ծրագրերին:
Քննարկման ժամանակ նշվել է, որ անհրաժեշտ է բարձրացնել գիտական գործունեության արդյունավետությունը, բարելավել սարքավորումների օգտագործման հաշվետվությունը և գիտության ոլորտի բարելավմանն ուղղված քայլեր նախաձեռնել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ