Սյունեցի երիտասարդն ասում էր, թե ո՞վ իրեն աղջիկ կտա այս իրավիճակում. Անի Սամսոնյան
««Ֆրիդմ Հաուս»-ի զեկույցում արձանագրվել է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում և այն պայմանավորված է ոչ միայն ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ հարձակումներով»,- այսօր խորհրդարանում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա կարծիքով, նման որոշման համար լուրջ ցուցանիշ է նաև մարդու իրավունքների վիճակը, որը արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված բազմաթիվ խնդիրներ է առաջացրել:
Սամսոնյանի խոսքով՝ 2020 թվականի մարտին, երբ հաստատվեց արտակարգ դրություն և սկսեցին կիրառվել սահմանափակումներ, իրենք տարբեր ամբիոններից կառավարությանը հուշեցին, որ մամուլի, հանրահավաքների և տեղեկատվության ազատության վրա դրված սահմանափակումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել և դրանք այդքան էլ արդարացված չեն:
«Օրինակ՝ արտակարգ դրության հայտարարությունից ընդամենը 8 օրվա ընթացքում 10 լրատվամիջոց միանգամից հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում և տուգանվեց» ,-հիշեցրեց պատգամավորը և նկատեց, որ իրեն ժամանակին չտրվեցին այդ լրատվամիջոցների անունները, որպեսզի պարզի, թե արդյոք խտրական մոտեցում է եղել:
Հիշելով, որ ոստիկանները որոշ լրատվամիջոցների տաղավարներ չարդարացված մուտք էին գործել և շոուներ կազմակերպել՝ Անի Սամսոնյանը նկատեց, որ դրանք ճիշտ գործողություն չէին և սխալ էին նաև հավաքների բացարձակ սահմանփակումները, քանի որ բոլոր դեպքերում դրանք տեղի էին ունենում և բախումների ժամանակ համաճարակի տարածման վտանգն ավելի էր մեծանում:
Ըստ պատգամավորի՝ նման ճգնաժամային իրավիճակները ցույց են տալիս, թե որքանով են իշխանությունները տրվում կոշտ սահմանափակումների ճանապարհով գնալու գայթակղությանը՝ ճկուն որոշումներ կայացնելու փոխարեն, որոնք չէին վնասի պետության հեղինակությունը, մարդու իրավունքների պաշտպանությանը և հասարակության համերաշխությանը:
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ Անի Սամսոնյանը նկատեց, որ ՄԻՊ-ի զեկույցը օբեյկտիվորեն ներկայացնում է Սյունիքի վիճակը մարդու իրավունքների տեսանկյունից և կարծիք հայտնեց, որ իրավիճակը լավ չէ:
«Կար մի սյունեցի երիտասարդ, որն ասում էր, թե ո՞վ իրեն աղջիկ կտա այս իրավիճակում, որում իրենք գտնվում են: Խնդիրները շատ խորն են և դրանց ուսումնասիրության համար ՄԻՊ զեկույցը շատ կարևոր է»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նա զեկույցից պարզել է, որ ավելացել են Երևանի քաղաքապատարանի և վարչական շրջանների աշխատանքների վերաբերյալ բողոքները և առաջնային համարեց ՄԻՊ-ի գրասենյակին մեկ հաստիքի տալը՝ այդ ուղղությամբ աճող բողոքներին պատշաճ արձագանքելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ