Կաթողիկոսն Արգենտինայի դեսպանին տեղեկացրել է հայ զինծառայողների գերեվարման միջադեպի մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:
ՄԱյր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ նշել է, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություններից է եղել, և ինչպես անցյալում, այնպես էլ այսօր իր զորակցությունն է բերում հայ ժողովրդին։
Վերհիշելով Արգենտինա կատարած իր հովվապետական այցերը՝ Նորին Սրբությունն ընդգծել է այն հոգածու վերաբերմունքը, որ դրսևորվում է Արգենտինայի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ, անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու հետ ձևավորված միջեկեղեցական սերտ կապերին։
Դեսպան Վերգարան իր հերթին հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արծարծել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում մայիսի 27-ի առավոտյան վեց հայ զինծառայողների գերեվարման միջադեպը՝ կարևոր նկատելով, որ միջազգային հանրությունն իր հերթին արձագանքի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խաթարող նման անընդունելի և դատապարտելի երևույթներին։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- ՊՆ-ն հաստատում է՝ գերեվարվել է վեց զինծառայող
- Ադրբեջանցիները գրում են վեց հայ գերիներ վերցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ