Ժամանակն է Պետրոսը գիտակցի․Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցի ընթացքում իշխանական Պետրոս Ղազարյանը կրկին դիմեց մանիպուլյացիաների օգնությանը:
Մասնավորապես, ԱԳՆ նախարարի և փոխնախարարների հրաժարականների թեմայից խոսելիս Պետրոս Ղազարյանը հայտնեց, թե իբր փոխնախարարների հրաժարականների տեղեկությունը պաշտոնապես հերքվել է, իսկ նրանք շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Մինչ այս պահը նշված տեղեկության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հերքում: Միակ պաշտոնական լուրն այդ մասին այն է, որ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, իսկ փոխնախարարները շարունակում են իրենց աշխատանքային պարտականությունները: Ի՞նչ է սա նշանակում. դիվանագիտական լեզվից՝ «չենք մեկնաբանում» արտահայտությունը հենց հաստատումն է տվյալ լուրի, հետևաբար՝ հաստատվում է, որ փոխնախարարները ներկայացրել են ազատ դիմումներ, որոնք դեռևս չեն բավարարվել: Իսկ քանի դեռ այդ դիմումների հիմքով ազատման հրամանները չկան՝ փոխնախարարները պարտավոր են շարունակել իրենց աշխատանքային պարտականությունները, ուստի՝ շատ տրամաբանական է ԱԳՆ-ի այդ մասին նշումը:
Պետրոս Ղազարյանը երկար տարիների փորձառու լրագրող է և դժվար է հավատալ, թե նա չգիտեր այս պարզ իրականությունը:
Ժամանակն է Պետրոսը գիտակցի, որ նույնիսկ ինքն այլևս անկարող է այդպիսի քայլերով իշխանությանը հեղինակություն բերել:
Հունիսի 20-ին մենք վերջնականապես ազատվելու ենք ապազգային իշխանությունից»: