Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը բխում է ԱՄՆ-ի և նրա գործընկերների շահերից․ Սպիտակ տուն
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսության մեկնարկը համապատասխանում է և՛ ամերիկյան կողմի, և՛ ԱՄՆ-ի բոլոր արտասահմանյան դաշնակիցների և գործընկերների շահերին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները։
«Մենք պլանավորում ենք ռազմավարական կայունության շուրջ բանակցություններ սկսել։ Կարծում ենք՝ ռուսների հետ սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններն արմատապես համապատասխանում են ամերիկյան դիրքորոշմանը, ինչպես նաև մեր բոլոր դաշնակիցների և գործընկերների շահերին»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ինչպես հունիսի 24-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ռազմավարական կայունության վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի խորհրդակցությունները կարող են անցկացվել հուլիսին: